Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հերքել է Սիրսկու պաշտոնանկության մասին տեղեկությունը

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ԶՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսանդր Սիրսկու պաշտոնանկության մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Գեներալ Ալեքսանդր Սիրսկին շարունակում է կատարել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պարտականությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գլխավոր շտաբում ընդգծել են, որ այդ պաշտոնից ազատումը կարող է իրականացվել միայն Ուկրաինայի նախագահի հրամանագրի հիման վրա։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը նույնպես հերքել է այն տեղեկությունները, թե հուլիսի 20-ին կայանալիք Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի նիստում կարող է նշանակվել նոր գլխավոր հրամանատար։ Նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը հայտնել է, որ նիստը նվիրված է մատակարարման և կազմակերպչական հարցերին, ոչ թե կադրային նշանակումների։ Նրա խոսքով՝ մոտ ժամանակներում ռազմական ղեկավարության փոփոխություններ չեն սպասվում։

Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիտարկում է Սիրսկուն պաշտոնից ազատելու հնարավորությունը և պատրաստ է այդ քայլին, եթե նրան փոխարինող գտնվի։

Սիրսկին Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարն է 2024 թվականի փետրվարից։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Վալերի Զալուժնիին։

Leave a Comment