ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Պարսից ծոցի մի քանի պետություններ հանձնառություն են ստանձնել ներդրումներ իրականացնել Միացյալ Նահանգներում՝ Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունն ապահովելու դիմաց։
«ԱՄՆ-ն կշարունակի անել անհրաժեշտ ամեն ինչ միջազգային նավագնացությունը պաշտպանելու համար, սակայն մյուս երկրները նույնպես պետք է ակտիվանան և ռեսուրսներ կամ ֆինանսներ տրամադրեն՝ այս բեռը կիսելու համար։ ԱՄՆ-ն պարտավոր չէ հավերժ նավագնացություն ապահովել ողջ մոլորակի համար։ Նմանատիպ ներդրումների վերաբերյալ որոշակի պարտավորություններ արդեն ստանձնվել են, և կան այլ երկրներ, որոնք պարտավորություններ կստանձնեն ապագայում», — լրագրողներին ասել է նա։
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ այդ տարածաշրջանի պետությունները «նման ներդրումներ անելու համար պետք է եկամուտներ ստանալու հնարավորություն ունենան, ինչն անհնար կլինի, եթե նրանց նավթն ու գազը շուկա չհասնեն»։