
Սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը կսպասարկի 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը Իսպանիայի և Արգենտինայի միջև։ Նշանակումն ստանալուց հետո մրցավարը լաց է եղել և չի կարողացել զսպել իր զգացմունքները։
Վինչիչն արդեն փորձ ունի նմանատիպ մակարդակի մրցաշարերում մրցավարելու։ 2022 թվականի Աշխարհի առաջնությունում Կատարում նա սպասարկել է Արգենտինայի և Սաուդյան Արաբիայի խաղը։
Այնուամենայնիվ, սլովենացու ճանապարհը դեպի այս եզրափակիչ հեշտ չի եղել, և նրա հեղինակությունը մի անգամ լրջորեն վտանգվել է։ 2020 թվականի մայիսին մրցավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում Բոսնիայի Բիելինա քաղաքում։ Մասնավոր երեկույթի վրա կատարված խուզարկության ժամանակ իրավապահ մարմինները ձերբակալել լեն ավելի քան 30 մարդու, առգրավել զենք, կոկաին և մեծ գումար՝ ընդհանուր առմամբ ավելի քան 11,000 դոլար։
Վինչիչը նույնպես ձերբակալվածների թվում է եղել, բայց իշխանությունները նրան հարցաքննել են միայն՝ որպես վկա։ Մրցավարին որևէ մեղադրանք չի առաջադրվել և նա անմիջապես ազատ է արձակվել, ինչը նրան թույլ է տվել պահպանել իր կարիերան և, ի վերջո, դառնալ իր կարիերայի ամենակարևոր խաղի մրցավարը։
«Ես ընդունեցի երեկույթի հրավերը, և դա իմ ամենամեծ սխալն էր։ Ես զղջում եմ դրա համար», – մրցավարի խոսքերն է մեջբերում NY Post-ը։
Սլովենիայի բարձրագույն դիվիզիոնում աշխատելուց բացի, Վինչիչը 2010 թվականից ի վեր ՖԻՖԱ-ի միջազգային մրցավար է։ Նա մեծ փորձ ունի առաջատար մրցաշարերում։ Եվրոպական մրցաշարերում նա ընդհանուր առմամբ մրցավարել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի 72 խաղ, այդ թվում՝ վճռորոշ փլեյ-օֆֆի խաղեր և եզրափակիչներ։