ՌԴ ՊՆ․ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Վոլնոյե բնակավայրը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերի «Արևելք» խմբավորումը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Վոլնոյե բնակավայրը։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ռուսական ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը Ուկրաինայի պաշտպանության խորքում և «վճռական գործողությունների արդյունքում» վերահսկողություն սահմանել բնակավայրի նկատմամբ։

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել է, որ վերջին մեկ օրում հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի հինգ բրիգադների և չորս գնդերի դիրքերին Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերում։ Ըստ նախարարության՝ ուկրաինական կողմը կորցրել է մինչև 480 զինծառայող, մեկ զրահամեքենա և 11 ավտոմեքենա։

Նշվում է նաև, որ ռուսական ստորաբաժանումները մաքրել են բնակավայրը և ամրապնդվել զբաղեցրած դիրքերում։

Ուկրաինական կողմն այս հայտարարությունների վերաբերյալ դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել, իսկ մարտական գործողությունների մասին տեղեկությունները հնարավոր չէ անկախ աղբյուրներով օպերատիվ կերպով հաստատել։

Leave a Comment