«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը «Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։

Խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի չորս սերտիֆիկատի և սննդամթերքի մեկ հայտարարագրի մասին է։ Գերատեսչության տվյալներով՝ որոշման հիմք են դարձել փորձանմուշների ներմուծման ապացույցների բացակայությունը և փորձարկումների արձանագրությունները չներկայացնելը։

«Ռոսակկրեդիտացիան» հայտնել է, որ «Արմտեստ» ՍՊԸ-ի փաստաթղթերի գործողությունը հուլիսի 10-ից դադարեցվել է 12 ամսով, իսկ «Արմ-Տեստ» ՍՊԸ-ի փաստաթղթերի գործողությունը կասեցվել է։

Գերատեսչությունը նշել է, որ «Արմտեստ» ՍՊԸ-ի վերաբերյալ որոշումը համահունչ է Հայաստանի հավատարմագրման ազգային մարմնի դիրքորոշմանը, քանի որ կազմակերպության փաստաթղթերի գործողությունն այդ պահին արդեն դադարեցված էր նաև Հայաստանում։

«Ռոսակկրեդիտացիա»-ի ղեկավար Դմիտրի Վոլվաչի խոսքով՝ որոշումներն ընդունվում են միասնական չափանիշների հիման վրա՝ անկախ խախտում թույլ տված կազմակերպության իրավազորությունից, և գերատեսչությունը սերտ համագործակցում է ԵԱՏՄ գործընկերների հետ։

Գերատեսչությունը նաև հայտնել է, որ նախկինում դադարեցրել էր ԵԱՏՄ երկրների ևս 10 սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը։ Տեղեկությունը փոխանցվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և Հայաստանի հավատարմագրման ազգային մարմնին։

Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։

Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։

Leave a Comment