Փոփոխություններ Բաքվի հռետորաբանության մեջ․ ի՞նչ իրավական մեխանիզմների մասին է խոսում Հաջիևը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փոփոխություններ Բաքվի հռետորաբանության մեջ․ ի՞նչ իրավական մեխանիզմների մասին է խոսում Հաջիևը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Reuters-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ապրում են «իրական խաղաղության» պայմաններում։ Միաժամանակ, ըստ նրա, Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներից՝ նոր սահմանադրության ընդունման կամ որևէ այլ իրավական մեխանիզմով, և միայն դրանից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չի մնա։

Դրա հետ մեկտեղ ադրբեջանցի պաշտոնյան հավելել է․ «Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին հարցն է»։

​Քաղաքագետ Արմեն Վարդանյանը համոզված է՝ սահմանադրության հարցը ոչ թե իրական պատճառ է, այլ քաղաքական պատրվակ՝ բանակցային գործընթացը ձգձգելու համար։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը մինչ այժմ չի պարզաբանել, թե ինչ իրավական մեխանիզմի մասին է խոսում, իսկ նման մեխանիզմներն ինքնին չեն կարող երաշխավորել խաղաղությունը․

​«Պետություններ կան, որ իրար հետ խաղաղության պայմանագրեր ունեին, ճանաչում էին միմյանց տարածքային ամբողջականությունը, ունեին նույնիսկ չհարձակման մասին պակտեր (օրինակ՝ Ռուսաստանը, Ուկրաինան), փաստաթղթերի ամբողջ բազան, որ նայում ես՝ Ռուսաստանը ինքը Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորներից մեկն էր։ Բայց դա չխոչընդոտեց, որ Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա։ Այնպես որ, նույնիսկ էդ մեխանիզմները, որոնց մասին ինքը խոսում է, էլի վերջնական չեն»։

​Քաղաքագետի գնահատմամբ՝ պատերազմն ու խաղաղությունը չեն որոշվում միայն իրավական փաստաթղթերով։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի պահանջն ավելի շատ քաղաքական բնույթ ունի, իսկ եթե սահմանադրական փոփոխություններ չլինեն, բանակցային գործընթացը կարող է շարունակել մնալ փակուղում։

Միաժամանակ, Վարդանյանը կարծում է, որ մոտակա տարիներին լայնածավալ պատերազմի վտանգը սահմանափակվում է նաև միջազգային գործոններով․

​«Թրամփն իր հեղինակությունն է դրել էս գործընթացում և պատերազմ թույլ չի տա։ Դրանից հետո, թե ինչ կլինի, արդեն ոչ ոք, կարծում եմ, հստակ չգիտի, չի կարող նշել։ Իմ կարծիքով՝ դա նույնիսկ Ալիևը չգիտի․ էս պահին էլի սպասողական վիճակում է, տեսնի՝ հետագայում ի՞նչ կլինի, ո՞նց կզարգանան իրադարձությունները, վերջնական սցենար չունի»։

​Անդրադառնալով միջազգային դերակատարների շահերին՝ քաղաքագետը նշում է, որ այս հարցում Արևմուտքի և Ռուսաստանի մոտեցումները տարբեր են․

​«Հավաքական Արևմուտքն ուզում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, որպեսզի կոնֆլիկտը վերջնականապես լուծվի, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի մասին»։

​Վարդանյանը նաև քիչ հավանական է համարում, որ մինչև տարեվերջ Երևանն ու Բաքուն կհասնեն վերջնական համաձայնության։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի վերջին հայտարարությունները չեն վկայում, որ Բաքուն պատրաստ է մոտ ապագայում ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

 

Leave a Comment