ԻՀՊԿ-ն սպառնում է անցնել լայնածավալ հարձակողական գործողությունների – armeniatoday.am

Ամերիկյան զինված ուժերն ավարտել են Իրանի ուղղությամբ գիշերային հարվածների յոթերորդ ալիքը, հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Իրանական բանակն իր հերթին հայտարարել է ի պատասխան ամերիկյան հարձակումների Քուվեյթում և Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման մասին, փոխանցել է Tasnim գործակալությունը։

CENTCOM-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել դիտարկման օբյեկտներին, ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներին, զենքի ստորգետնյա պահեստներին և ծովային օբյեկտներին։ Գործողություններում ներգրավվել են կործանիչներ, ԱԹՍ-ներ և մարտական նավեր։ Հրամանատարությունն ընդգծել է, որ գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ շարունակում է պատասխանատվության ենթարկել Իրանին՝ միաժամանակ ապահովելով իրանական նավահանգիստների լիակատար ռազմածովային շրջափակումը։

Tasnim-ի փոխանցմամբ՝ իրանական բանակը հարվածել է Քուվեյթի «Ուդայիրի» և «Ալի Ալ-Սալեմ» բազաների զինամթերքի պահեստներին, ինչպես նաև Հորդանանի «Ալ-Ազրակ» ավիաբազայի վառելիքի ամբարներին։

Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով Բահրեյնում ամերիկյան անօդաչուների պահեստին և արհեստական բանականության զարգացման գլխավոր կենտրոնին հարվածելու մասին, հայտնել է IRIB պետական հեռուստաընկերությունը։

ԻՀՊԿ-ն նաև նախազգուշացրել է, որ ամերիկյան հարվածների շարունակման դեպքում պատրաստ է անցնել «լայնածավալ հարձակողական գործողությունների»։

«Եթե ԱՄՆ հարձակումները շարունակվեն ևս երկու-երեք օր, մենք կանցնենք լայնածավալ հարձակողական գործողությունների»,- հայտարարել է ԻՀՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչ, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային՝ հավելելով, որ մերձավորարևելյան որևէ երկիր չի կարողանա պաշտպանվել Իրանի հարձակողական գործողություններից։

 

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին երկրները հուշագիր էին ստորագրել ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ:

ԱՄՆ-ն ու Իրանը հուլիսի 7-ից վերսկսել էին փոխադարձ հարվածները։ Իրանը հուլիսի 12-ին հայտնել էր, որ Հորմուզով անցումը կվերսկսվի միայն իրավիճակի կարգավորումից հետո։

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին հուլիսի 14-ին հայտնել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցով անցման վճարովի մեխանիզմ է մշակել։

Leave a Comment