
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․ «2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։
Ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թ. կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի հետ համագործակցությամբ։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ փառատոնի շրջանակում հայտարարվել են մրցույթի արդյունքում ընտրված 4 հայ ռեժիսորների անունները։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի նախագահ Արտյոմ Բաղդասարյանը։
Հայաստանից ծրագրին մասնակցելու համար ընտրվել են ռեժիսորներ Արմիկ Իսրայելյանը, Սոնա Խաչատրյանը, Րաֆֆի Մովսիսյանը և Նաիրա Սարգսյանը։ Նրանք հետագայում կմիանան 4 միջազգային ռեժիսորներին և Հայաստանում համատեղ կստեղծեն 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննում։
Նախագծերի ընտրությունը կատարել է մասնագիտական հանձնաժողովը»։