«Radar Armenia»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
— ԱՄՆ-Իրան ռազմական գործողությունները վերսկսվել են, կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել։ Ինչո՞ւ կողմերը չեն կարողանում հրադադարը պահպանել․ ըստ Ձեզ՝ որո՞նք են պատճառները։
— Հրադադարը խախտվել է, որովհետև Հորմուզի կարգավիճակի հարցում կոնկրետ համաձայնություն չկա։ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը հայտարարել էր, որ իրենց համար միջուկային խնդրից ավելի Հորմուզի խնդիրն է կարևոր։ Թրամփն էլ նախ հայտարարեց, որ ԱՄՆ-ն տուրք պիտի գանձի Հորմուզով անցնող նավերից, հետո վերանայեց իր որոշումը։ Մինչև ընդհանուր կառավարման շուրջ համաձայնություն չլինի, հրադադարը խախտվելու է։
— Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, նաև կոշտ հայտարարություններ է արել Իրանի հասցեին։ Արդյո՞ք դրանք լայնածավալ ռազմական գործողությունների կվերածվեն։
— Նման թիրախներին հարվածելը Իրանի տնտեսության համար լրջագույն հարված կլինի, որը կազդի նաև համաշխարհային տնտեսության վրա։ Այս պահին սա ճնշամիջոց է և ուղերձ Իրանին՝ գնալ բանակցությունների՝ ԱՄՆ-ի կանոնների համաձայն։ Կարծում եմ՝ կողմերը կվերադառնան բանակցությունների։ Սա բանակցությունների վերագործարկման նախափուլն է, և ճնշումները մագլցում են։
— ԱՄՆ փոխնախագահ Վենսը մեղադրել է Իսրայելի կառավարության որոշ անդամների՝ Իրանի հետ պատերազմը երկարաձգելու նպատակով ամերիկյան հասարակական կարծիքի վրա ազդելու ձգտման մեջ։ Արդյո՞ք Իսրայելը մեծ ազդեցություն ունի։
— Իսրայելն ազդեցություն ունի, բայց ամերիկյան քաղաքականության հիմնական որոշողը չէ։ Այստեղ կան զուտ ԱՄՆ-ի շահերից բխող քայլեր, որոնք որոշ տեղերում հակասում են իսրայելական շահերին։ Լիբանանը, թվում է, այդ կետերից մեկն է։ ԱՄՆ-ն Իսրայելի համար չէ, որ մղում է Իրանի դեմ պատերազմը։ Դա բխում է իր շահերից և տեղավորվում ԱՄՆ-Չինաստան տնտեսական մեծ պատերազմի շրջանակներում։
— Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը փորձել է ազդել ԱՄՆ 2020թ․ նախագահական ընտրությունների արդյունքների վրա․ 18 նահանգներում տասնյակ միլիոնավոր ընտրողների տվյալներ է գնել կամ գողացել։ Սա ի՞նչ էր նշանակում, և ինչո՞ւ է հիմա հիշել Չինաստանին։
— Չինաստանի հետ մրցակցությունը սրվում է։ Նման հայտարարություն անելով՝ Թրամփը խոստովանում է նաև, որ իր պետության տվյալների շտեմարաններն ունեն Չինաստանի կողմից ներթափանցումներ։ Սա ներվարչակարգային խնդիրների հետ ևս կապ ունի։ Միաժամանակ զգուշացնում է Չինաստանին, որ այդ քայլը կարող է պատասխան ունենալ ԱՄՆ-ի կողմից։ Հորմուզի վրա ամերիկյան վերահսկողության հաստատումը Չինաստանին ուղղված հարված է։ Այս հակամարտությունը տնտեսական բևեռների միջև պրոկսիացված պատերազմի բնույթ է ստացել։
— Ուկրաինայում տեղի ունեցան կառավարության կազմի փոփոխություններ։ Ինչո՞ւ փոխվեց վարչապետը, նաև՝ պաշտպանության նախարարը․ արդյո՞ք սա կապված է ՌԴ-ի հետ պատերազմում իրավիճակի հետ։
— Շատ հավանաբար, ներկառավարման խնդիր է՝ պատերազմի հետևանքները հաղթահարելու և ճգնաժամային կառավարումն արդյունավետ դարձնելու նպատակով։ Չեմ կարծում, որ այս քայլը ռազմական հնչեղություն ունի, մանավանդ որ վարչապետի ոլորտը ռազմականը չէ։
— Արդյո՞ք ակնկալվում է հրադադար ռուս-ուկրաինական ճակատում։
— Մասնակի հրադադար՝ գուցե, ժամանակավոր բնույթով։ Համաձայնությունը չի երևում, որովհետև հիմնական խնդիրների, հատկապես տարածքային առումով, կոնսենսուս չկա։ Առավել ևս ՆԱՏՕ-ի անդամ երկրները և, ընդհանրապես, միջազգային հանրության գլխավոր դերակատարները դեռևս ուզում են ՌԴ-ին ներգրավված պահել պատերազմում։
Արման Գալոյան
