Հարգելի՛ հայրենակիցներ,
Թեև ձեզ հայտնի են արդեն քաղաքական հետապնդումների մոտիվն ու ոգին, և պատկերացնում եմ, որ այլևս չեք զարմանում ամենօրյա բռնաճնշումներից, ուզում եմ նախ ասել ամենապարզ ու ամենակարևոր բանը.
Ես որևէ հանցանք չեմ կատարել։ Ես չեմ արել ոչինչ, որի համար իրավական կամ նույնիսկ բարոյական պատասխանատվության պիտի կանչվեմ։ Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում։
Ես հասկանում եմ, որ շատերդ գուցե շփոթված եք «պետական գաղտնիքի» խորհրդավոր շղարշից, շատերդ կաշկանդված եք զգում նման մեղադրանքի լոկ գոյությունից, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ժամանակն ու փաստերը ապացուցելու են իմ անմեղությունը։
Ինձ կալանավորելու միջնորդությունում չկա բացարձակապես որևէ փաստական հիմք։ Այն ամբողջությամբ կառուցված է ինչ–որ մեկի ենթադրությունների և վառ երևակայության վրա։ Այդ ենթադրությունների և իրավապահների քաղաքական հպատակության արդյունքում ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։
Այս անմարդկային վերաբերմունքը համակարգի կողմից որքան ցնցող, ցավոք նույնքան էլ սպասելի էր։ Սա ևս հոժարությամբ տանում եմ։
Հիմա ուզում եմ միայն երախտիքիս հետ մեկտեղ հարազատներիս և իմ որպիսությամբ մտահոգ մարդկանց ասել, որ լավ եմ ինձ զգում՝ հոգեպես ուժեղ և ֆիզիկապես ամուր։
Ուժ, համբերություն և Աստծո օրհնությունը մեր երկրին։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին
Ազատություն Հայաստանի Հանրապետությանը։