Չինաստանը փորձել է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա. Թրամփ

Չինաստանը փորձել է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք, նրա պնդմամբ, ապացուցում են Չինաստանի միջամտությունը ԱՄՆ ընտրություններին։ Նա հայտարարել է, որ հրապարակված նյութերը բացահայտում են «ցնցող խոցելիություններ մեր ընտրական ենթակառուցվածքում»։

Թրամփի խոսքով՝ Չինաստանը ապօրինի կերպով ձեռք է բերել շուրջ 220 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալներ, իսկ ԱՄՆ հետախուզական համայնքի որոշ ներկայացուցիչներ «միտումնավոր կոծկել են» այդ գործունեության իրական ծավալները։

«Չինաստանը փորձել է ազդել ԱՄՆ 2020թ․ նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ 18 նահանգներում տասնյակ միլիոնավոր ընտրողների տվյալներ է գնել կամ գողացել։ Չինաստանի կառավարությունը ցանկանում էր, որ ես պարտվեի 2020թ․ ընտրություններում, քանի որ ես նրանցից մաքսատուրքեր էի գանձում»,- ասել է նա։

Թրամփը նաև պնդել է. «ԱՄՆ-ի հակառակորդները, ներառյալ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան, ունակ են վտանգել ԱՄՆ-ի ընտրական ենթակառուցվածքները»։

Reuters-ը գրում է, որ ԱՄՆ հետախուզության՝ 2021 թվականին հրապարակված գնահատականը եզրակացրել էր, որ որևէ օտարերկրյա պետություն չի փորձել կամ չի կարողացել ազդել 2020 թվականի նախագահական ընտրությունների տեխնիկական որևէ բաղադրիչի, այդ թվում՝ ընտրողների գրանցման, քվեաթերթիկների մշակման կամ արդյունքների վրա։

Միաժամանակ, նույն զեկույցում նշվում էր, որ Չինաստանը դեռևս 2008 թվականից տեղեկություններ է հավաքում ամերիկացի ընտրողների, քաղաքական կուսակցությունների, թեկնածուների և պաշտոնյաների մասին՝ ընտրական գործընթացներն ու հնարավոր արդյունքները գնահատելու նպատակով։

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան խոսնակ Լյու Չանգը հայտարարել էր. «Չինաստանը երբեք չի միջամտել և չի միջամտելու ԱՄՆ նախագահական ընտրություններին»։

Leave a Comment