Մարզիկները մարզվում են փակ «Օլիմպավանի» մոտ և պահանջում բացել այն – armeniatoday.am

Մարզիչներն ու մարզիկները պարապմունքներ են անցկացնում կապարակնքված «Օլիմպավան» մարզական կենտրոնի բակում, որը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) մարզաբազան է։ «Օլիմպավան»-ի մոտ անցկացվող մարզումների ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today YouTube-յան ալիքում։

Գործարար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ հուլիսի 6-ին կալանավորումից հետո իրավապահները, ի թիվս նրան պատկանող բազմաթիվ ընկերությունների, կապարակնքել են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և «Օլիմպավան» մարզական կենտրոնի շենքերը։ Իրավապահ մարմինները պաշտոնապես չեն պարզաբանել, թե ինչու է մարզահամալիրն ավելի քան 10 օր փակ մնում։

Խառը մենամարտերի մարզիչ Էրիկ Օհանյանը պատմել է, որ իր սաները ստիպված են մարզվել բաց երկնքի տակ, քանի որ այլ ելք չկա։ Նրա խոսքով՝ երեխաները պատրաստվում են հուլիսի 26-ի մրցումներին, իսկ այլ դահլիճ գտնել հաջողվել է մարզիկների միայն փոքր մասի համար։

«Մենք չենք կարող մարզումները դադարեցնել։ Տատամիներ ենք գտել, երեխաներն իրենց պաշտպանիչներն են բերել, փորձում ենք պահել նրանց մարզավիճակն ու մարտական ոգին։ Ունենք 107 սան, բայց միայն մոտ 20-ը կարող է ժամանակավոր մարզվել Լենինգրադյան փողոցի դահլիճում։ Մնացածը պարզապես գնալու տեղ չունի», — ասել է նա։

Մարզիչը նշել է, որ երկարատև դադարը անխուսափելիորեն կազդի մարզիկների արդյունքների վրա։

«Եթե մեկ-երկու ամիս կանգնենք, երեխաները կկորցնեն մարզավիճակը, իսկ նրանց մրցակիցները կշարունակեն աճել։ <…> Դավթաշենի համար «Օլիմպավան»-ը շատ կարևոր էր․ երեխաները կարողանում էին ինքնուրույն գալ մարզումների։ Հիմա ծնողները չեն կարող ամեն օր նրանց տեղափոխել քաղաքի այլ թաղամասեր», — հայտարարել է նա։

Նույն խնդրին է բախվել նաև բռնցքամարտի բաժինը։

Մարզիչը հայտնել է, որ իր շուրջ 200 սաները չեն կարող լիարժեք պատրաստվել մրցաշարերին։ Նրա խոսքով՝ թիմը պետք է հուլիսի 17-ին մասնակցեր մրցաշարի, սակայն մարզիկները ստիպված մարզվում են փողոցում։

«Այստեղ 200 երեխա չի տեղավորվում, իսկ անհրաժեշտ մարզագույքը մնացել է շենքի ներսում․ մեզ նույնիսկ թույլ չեն տվել այն դուրս բերել։ <…> Ստիպված իմպրովիզ ենք անում և փորձում գոնե մարզավիճակ պահել», — նշել է նա։

Մարզչի խոսքով՝ մարզիկների և ծնողների միակ պահանջը մարզումները վերսկսելու հնարավորություն տալն է։

Ծնողներից մեկը հայտարարել է, որ «Օլիմպավան»-ի փակումը վնաս է հասցնում երեխաներին, որոնք պատրաստվում են միջազգային մրցումների։

«Տպավորություն է, որ վարչապետը (Նիկոլ Փաշինյանը — AT) չի ուզում, որ այլ երկրներում հայկական դրոշը բարձրանա։ Այս երեխաները պետք է ներկայացնեն Հայաստանը մրցումներում, իսկ դրա փոխարեն ստիպված են մարզվել փողոցում», — ասել է նա։

Նրա կարծիքով՝ եթե իրավապահ մարմինները քննչական գործողություններ էին իրականացնում, դրանք կարելի էր ավարտել մեկ-երկու օրում՝ առանց մարզահամալիրի աշխատանքը դադարեցնելու։

Պատանի մարզիկները նույնպես խնդրում են բացել մարզահամալիրը։ Բռնցքամարտի բաժնի սաներից մեկը նշել է, որ փողոցում մարզումները չեն կարող փոխարինել դահլիճում անցկացվող պարապմունքներին։

«Արդեն 11-րդ օրն է՝ չենք կարողանում մարզվել դահլիճում։ Ուզում ենք, որ «Օլիմպավան»-ը բացեն, որպեսզի մարզվենք և կարողանանք ինչ-որ բանի հասնել։ Ինչքան էլ փողոցում մարզվենք, միևնույն է, դա չի համեմատվի դահլիճում մարզումների հետ», — ասել է մարզիկը։

Հուլիսի 11-ից Ծառուկյանի հետ առնչվող ընկերությունների աշխատակիցները պարբերաբար ակցիաներ են անցկացնում՝ ի աջակցություն նրա և ձեռնարկությունների աշխատանքը վերսկսելու պահանջով։ Այս ընթացքում բողոքի ակցիաներ են անցկացվել «Մուլտի Սթոուն» ընկերության, «Մուլտի Գրանդ» հյուրանոցի, «Երևանի Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի, «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի, «Մուլտի Տաբակ»-ի և մի շարք այլ ընկերությունների մոտ։

Leave a Comment