«Օլիմպավան»-ի կապարակնքումից և մարզական համալիրի աշխատանքներն արգելափակելուց հետո բազմաթիվ երեխաներ ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։
Ինչպես նշեց MMI-ի մարզիչ Էրիկ Օհանյանը, ինքը չգիտի՝ ինչու ընդառաջ չգնացին իրենց խնդրանքին՝ թույլ տալ երեխաներին մարզվել շենքային պայմաններում։
«Թե ինչի ընդառաջ չգնացին՝ չգիտեմ, բայց մենք չենք կարող դադրեցնել մարզումները։ Ճիշտ է, ընկերներ կան, որ հրավիրում են իրենց դահլիճ, ուղղակի հեռու են։ Մենք ժամանակավոր ուրիշ դահլիճում էլ ենք մարզվում, իրենք իրենց կողմից աջակցում են, ծնողներն աջակցում են։ Բայց այսօր այն վիճակն է, որ այս երեխաներին մարզումներ են պետք։ Հենց հիմա իրենք պատրաստվում են ամսի 26-ի մրցաշարերին։
Հիմա ես չեմ կարող պարապմունքներ չանել, բայց տարածք չունեմ. պետությունն «Օլիմպավան»-ը չի կարողանում բացել՝ ինչ-որ խնդիրների պատճառով, իսկ մենք տատամիներ ենք ճարել, երեխեքն իրենց պաշտպանիչներն են բերել։ Փորձում ենք իրենց էներգիան, ոգին բարձրացնենք, որ ամսի 26-ին մրցումների են»,- ասաց մարզիչը։
Հարցին՝ երեխաները ստեղծված իրավիճակում շա՞տ են տուժել, Էրիկ Օհանյանը պատասխանեց՝ 107 երեխա զրկված է պատշաճ պայմաններում մարզվելու իրավունքից։
«107-ից հազիվ 20 երեխա կարողանում է գալ Լենինգրադյանի դահլիճ, իսկ մնացածները չեն կարողանում։ Ես ի՞նչ անեմ. դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցո՞ւմ»,- հարց հնչեցրեց նա։
Էրիկ Օհանյանի խոսքով՝ իր տպավորությամբ այս ամենը դեռ երկար է տևելու, և ինքը ստիպված է լինելու հուլիսի 26-ին կայանալիք մրցումներից հետո երեխաներին արձակուրդ ուղարկել։
Իսկ այդ ընթացքում երեխաների սպորտային ունակությունները հետընթաց կապրե՞ն։ Օհանյանի պնդմամբ՝ միանշանակ։
««Օլիմպավանին» էլ, MMI-ի ֆեդերացիային էլ կարող եք հարցնել՝ լավ սաներ, լավ արդյունքներ ենք տալիս, բայց դադարեցնելիս միանգամից կանգնելու են։ Եթե երեխեքը վաղը-մյուս օրը գնան ուրիշ տեղ մարզվելու, ես չեմ զարմանա։ Ես ամեն ինչ անում եմ, որ այս երեխաները հայ մեծանան, բայց անկեղծ՝ չգիտեմ…»,- ասաց մարզիչը։