
Կառավարությունն այսօր ընդունեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը հաստատելու մասին որոշումը։
«ՀՀ-ն Եվրոպական հանձնաժողովի կողմից թույլտվություն է ստացել ԵՄ երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ, վերամշակված ձուկ և ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ»,- կառավարության նիստում նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարն ընդգծեց, որ ԵՄ երկրներ արտահանելու համար պարտադիր պայման է ձկնաբուծական տնտեսությունների, ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների՝ ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցված լինելը և ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը։