
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մասնավորապես՝ Անկարայում։ РБК-Украина-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք կողմ ենք, որպեսզի Թուրքիան դառնա այն հիմնական հարթակներից մեկը, որտեղ կարող է տեղի ունենալ Զելենսկու և Պուտինի հանդիպումը։ Մենք աջակցում ենք այդ նախաձեռնությանը և շնորհակալ ենք թուրքական կողմին՝ նման բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու առաքելությունը ստանձնելու պատրաստակամության համար», – նշել է Սիբիհան։ ԱԳ նախարարի խոսքով՝ Ուկրաինայի նախագահի և Ռուսաստանի նախագահի բանակցությունները կարող են էական խթան դառնալ խաղաղության գործընթացի համար։ «Ինչ վերաբերում է ուկրաինական կողմին՝ մենք ունենք իրական առաջարկներ, թե ինչպես ավարտել այս պատերազմը։ Ուկրաինան ձգտում է խաղաղության։ Մենք հավատարիմ ենք բոլոր խաղաղության ջանքերին, որոնք այսօր շարունակվում են, այդ թվում՝ ամերիկյան կողմի մասնակցությամբ։ Մենք ակնկալում ենք Եվրոպայի նոր դերը այս խաղաղության ջանքերում։ Ուկրաինան պատրաստ է հրադադարի», – հայտարարել է Սիբիհան։