
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Յանդեքս» և այլ տաքսիների վարորդներ (իհարկե, ոչ բոլորը), ձեր ձեռքեր պահեք ղեկի վրա ու չփորձեք երկարացնել, այլապես լուրջ խնդիրներ կունենք։
Ուրեմն երեկ, Հայաստան կոնկրետ ծրագրով ժամանած երիտասարդ ուսանողներից մեկը պատմեց մի նողկալի դեպքի մասին, որն իր հետ կատարվել էր «Յանդեքս» տաքսիում։ Վարորդը երեկոյան ոչ շատ ուշ իրեն տեղափոխել է քաղաքի մարդաշատ վայրերից մեկից-մյուսը և ճանապարհին՝ ավտոմեքենայի դռները փակել է այնպես, որ նույնիսկ ընթացքում չկարողանա բացել, երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել, ընդհուպ սպառնալով պահանջել աղջկա հեռախոսահամարը։ Երբ աղջիկը փորձել է այլ համար տալ, ուղղակի որ պրծնի նրա ձեռքից, ստուգել է ու պահանջել, որ հենց իրենը տա, թե չէ բաց չի թողի։ Բազմաթիվ պտույտներ է կատարել նրա տան շուրջ, իմացել տան տեղը։
Նա, հասկացել է, որ աղջիկը տեղացի չէ ու մենակ է այստեղ, որևէ պաշտպանություն չունի ու փորձել է բոլոր հնարավոր մեթոդներով օգտվել՝ այդ իր կարճ խելքով։
Արդեն չեմ էլ քննարկում, թե դա ինչ այլանդակություն է, ու ինչպես է ազդում մեր երկրի մասին օտարերկրյա քաղաքացիների պատկերացումների ձևավորման վրա, դա մի կողմ, բայց նման վարքագիծը պատժվելու է, առնվազն տնտեսական վնասի միջոցով։
Յանդեքս-ին բողոքը հայտնել է, տվյալ վարորդը ցկյանս բլոկավորվել է, և այլևս չի կարողանա, առնվազն նույ տաքսի ծառայությունում պատվերներ ընդունել։
Ես կցանկանայի, որ գործատուները խստացնեին իրենց ընթացակարգերը, և եթե վարորդը երբևէ իրեն թույլ է տվել նման այլանդակ վարքագիծ, ապա նամն ծառայություն մատուցելու հնարավորություն չունենա այլևս որևէ տեղ, բայց ես հասկանում եմ, որ դա բարդ խնդիր է, տվյալները պահպանվում են։
Երբ աղջիկը վերջապես կարողացել է դուրս գալ մեքենայից, ընդամենը մի քանի քայլ այն կողմ ոստիկան է եղել։ Նա ցանկացել է մոտենալ և պատմել կատարվածի մասին։ Սակայն դեռ չմոտեցած լսել է ոստիկանի՝ իր հասցեին հնչեցրած ռեպլիկը․ «Էս ինչ սիրուն ես…»։
Ափսոս ոստիկանի արտաքինը ու այլ մանրամասներ չի կարողանում նկարագրել, թե չէ նրա ուղղությամբ էլ բողոք կգրեի, ու, առնվազն, նկատողություն կստանար։
Գիտեմ, այսպիսի միջադեպերը քիչ չեն, էլի ներողություն եմ խնդրում պարկեշտ ու սրտացավ վարորդներից, որոնք օգնում են նույնիսկ վատ վիճակում հայտնված մարդկանց, սրտացավ են ու մարդկային, բայց նկարագրածս անընդունելի դեպքերը ևս եզակի չեն, ու, վստահ, պատժվելու են, ու եթե հանդիպեք ուղարկեք ինձ վարորդի տվյալները, անպատիժ չի մնա, առնվազն կկորցնի հաց վաստակելու մի միջոց։
P.S. Տաքսին հասարակական տրանսպորտի ամենաանձնական ձևերից մեկն է։ Մարդը նստում է փակ մեքենա՝ վստահելով իր կյանքն ու անվտանգությունը մի անծանոթի։ Եթե այդ տարածքն այլևս անվտանգ չէ, ապա վտանգի տակ է ուղևորը և մարդկանց վստահությունն այդ ծառայության նկատմամբ։