Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ռուսաստանցի ամուսիները ձերբակալվել են Այա Սոֆիայի մզկիթում Աստվածաշունչ կարդալու համար։ Նրանց տեղափոխել են օտարերկրացիների պահման կենտրոն, իսկ այժմ թուրքական միգրացիոն ծառայությունը քննարկում է նրանց արտաքսման հարցը։
32-ամյա Իգորն ու 35-ամյա Վիկտորիան Մոսկվայից ժամանել էին Թուրքիա հանգստի նպատակով։ Այա Սոֆիա այցելության ժամանակ Իգորը սկսել է բարձրաձայն կարդալ իր հետ բերած Աստվածաշունչը, որից անմիջապես հետո զույգին դուրս են բերել մզկիթից և տեղափոխել ոստիկանության բաժին։
Ռուսաստանցիների նկատմամբ հարուցվել է վարույթ Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով, որը վերաբերում է կրոնական արժեքների հրապարակային վիրավորանքին, ատելության հրահրմանը և բնակչության խմբերի նկատմամբ թշնամանքի սրմանը։ Հոդվածը նախատեսում է մինչև մեկ տարվա ազատազրկում։
Վիկտորիան հայտնել է, որ տեղյակ չի եղել մզկիթում Աստվածաշունչ կարդալու արգելքի մասին և նշել, որ գիրքը կարդում էր միայն ամուսինը, իսկ ինքը պարզապես երբեմն նայում էր տեքստին։
Ավելի ուշ զույգին տեղափոխել են արտաքսման կենտրոն։ Իգորի խոսքով՝ իրեն և կնոջը բաժանել են, նրանք երկար ժամանակ սնունդ չեն ստացել և վատ ինքնազգացողություն ունեն։
ՌԴ գլխավոր հյուպատոսությունը Ստամբուլում հայտնել է, որ կապի մեջ է թուրքական իրավասու մարմինների, փաստաբանի և թարգմանչի հետ և վերահսկում է իրավիճակը։
ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Նովիչկովը հայտարարել է, որ ռուսաստանցիները որևէ հանցագործություն չեն կատարել և ընդգծել, որ Այա Սոֆիան ուղղափառ աշխարհի կարևորագույն սրբավայրերից մեկն է։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Այա Սոֆիան զրկվել է թանգարանի կարգավիճակից և կրկին դարձել մզկիթ։ Այդ պատճառով քրիստոնեական արարողությունների անցկացումը կամ ոչ մահմեդական կրոնական գրքերի հրապարակային ընթերցումը թուրքական իշխանությունները կարող են գնահատել որպես հասարակական կարգի խախտում և հավատացյալների կրոնական զգացմունքների վիրավորանք։