Իրանի ափերի մոտ թուրքական բեռնատար նավ է խորտակվել – armeniatoday.am

Իրանի Բանդար Աբբաս նավահանգստի մոտ՝ Հորմուզի շրջանում, թուրքական բեռնատար նավ է խորտակվել, հայտնել են իրանական ԶԼՄ-ները։

Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:00-ի սահմաններում, Քեշմ կղզուց հյուսիս։

Նախնական տվյալներով՝ բեռնատար նավը բախվել է մեկ այլ նավի, ինչի հետևանքով վնասվել է և սկսել է ջուր լցվել նավի մեջ։ Իրավիճակի վատթարացման պատճառով նավապետը հրահանգել է տարհանել անձնակազմին։

Նավի անձնակազմի բոլոր 23 անդամները տարհանվել և տեղափոխվել են Քեշմ կղզի։ Իրանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ անձնակազմի բոլոր անդամները օտարերկրյա քաղաքացիներ են։

Տեղում նկարահանված տեսանյութերի և ոլորտային աղբյուրների համաձայն՝ նավը ջրի տակ է անցել կորպուսի միջին հատվածում, մինչդեռ մի հատված մնացել է ջրի մակերևույթին։

Luni նավը նավարկում էր Սենթ Քիթս և Նևիսի դրոշի ներքո, կառուցվել էր 1994 թվականին։ Միջազգային նավային ռեեստրների համաձայն՝ նավի սեփականատերն ու տեխնիկական կառավարիչը Թուրքիայի Մերսին քաղաքում գրանցված Lora Shipping ընկերությունն է։

Leave a Comment