Իլոն Մասկի «xAI» ընկերությունը Թենեսի նահանգում կառուցվող «Colossus 2» տվյալների մշակման կենտրոնի համար տեղադրել է 59 գազային տուրբին՝ առանց մթնոլորտային արտանետումների համար անհրաժեշտ դաշնային թույլտվությունները ստանալու. գրում է «Reuters»-ը՝ հղում անելով պետական փաստաթղթերին և կարգավորող մարմինների ու ընկերության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած նամակագրությանը։
Գործակալության վերլուծության համաձայն՝ տուրբինների հնարավոր արտանետումները զգալիորեն գերազանցում են այն շեմը, որի դեպքում դաշնային թույլտվությունը պարտադիր է։ Ընդ որում, դրանք տեղակայված են հիմնականում աֆրոամերիկյան համայնքների հարևանությամբ, որտեղ, մասնագետների գնահատմամբ, թոքերի հիվանդությունների տարածվածությունն արդեն իսկ միջինից բարձր է։
«Reuters»-ը նշում է, որ այս դեպքը ցույց է տալիս արհեստական բանականության համար նախատեսված տվյալների մշակման կենտրոնների էներգիայի պահանջարկի կտրուկ աճը։ Այդ պահանջարկը ստիպում է տեխնոլոգիական ընկերություններին արագ կառուցել սեփական էլեկտրակայաններ, մինչդեռ բնապահպանական վերահսկողությունը հաճախ չի հասցնում հետևել այդ գործընթացին, ինչը կարող է առողջապահական և բնապահպանական ռիսկեր առաջացնել։
Հետաքննության համաձայն՝ առանց թույլտվության տեղադրված տուրբինների իրական թիվը գրեթե կրկնակի գերազանցում է «xAI»-ի նախկին հայտարարությունները։ Ընկերությունը մինչ այդ հայտնել էր, որ հունվարի դրությամբ գործում էր 27 տուրբին և պնդել էր, թե դրանց շահագործման համար դաշնային թույլտվություն չի պահանջվում։ Սակայն «Reuters»-ը պարզել է, որ ընդհանուր առմամբ տեղադրվել է 59 տուրբին, որոնցից առնվազն 57-ը գտնվում են Միսիսիպի նահանգում՝ Թենեսիի սահմանից անմիջապես այն կողմ, տվյալների մշակման կենտրոնի հարևանությամբ։
