Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից ոչ մի նշանակալի իրեղեն ապացույց չեն գտել և տարել են միայն իր երեք անչափահաս երեխաների հեռախոսները։

«Դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից։ Հեռախոսներում միայն խաղեր էին և իրենց դպրոցական չաթերը։ Տարան նոթատետր, որի մեջ ընդամենը 3 թուղթ էր լրացած՝ այն էլ կնոջս՝ հատուկ մանկավարժությանը վերաբերող նյութեր»,- ասաց նա։

Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս պահին գործով որևէ կարգավիճակ չունի՝ ո՛չ կասկածյալ է, ո՛չ մեղադրյալ է, ո՛չ էլ վկա։

Անդրադառնալով Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի՝ ԱԺ գործուղվելու դեպքում իր՝ Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում հնարավոր նշանակման մասին լուրերին՝ նա նշեց՝ պատրաստ է ցանկացած քայլի՝ հանուն քաղաքին օգուտ բերելու, իսկ համայնքների խոշորացման անվան տակ Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ իշխանությունների ցանկությունն ուղղակի դատապարտելի է։

Հիշեցնենք, որ Կարեն Սիմոնյանը «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու է։ Ավելի վաղ նրա անունը շրջանառվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրության մեջ՝ ընտրողների ենթադրյալ կաշառման գործով։

Leave a Comment