ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացը կշարունակվի Բաքվի հետ համակարգմամբ․ Թուրքիայի ԱԳՆ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ, նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ործունեության ծրագրում։ 

Փաստաթղթում ասվում է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։ Միաժամանակ Թուրքիան շարունակելու է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։

Նշվում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովումը մնում է Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը։

Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունն է՛լ ավելի կուժեղացվի՝ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը նպաստելու նպատակով։

Փաստաթղթում նաև նշվում է, որ երկարաժամկետ կայունության, բարեկեցության և անվտանգության ապահովման համար թուրք-հայկական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները պետք է առաջ մղվեն համակարգված կերպով։

Ծրագրում առանձին անդրադարձ կա նաև Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին։ Նշվում է, որ լեզվի, պատմության, մշակույթի և ինքնության ընդհանրության վրա հիմնված բացառիկ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել բարձր մակարդակի փոխայցերի և շփումների միջոցով։

«Մեր նպատակն է, որպեսզի ռազմավարական գործընկերությունը՝ երկկողմ և բազմակողմ նախաձեռնությունների միջոցով, նպաստի Հարավային Կովկասում խաղաղության, բարեկեցության և կայունության ամրապնդմանը։ Միաժամանակ, տարածաշրջանում ընթացող կարգավորման գործընթացների շրջանակում Ադրբեջանի հետ սերտ համակարգումն ու համագործակցությունը վճռականորեն կշարունակվեն»,- նշված է փաստաթղթում։

Թուրքիայի ԱԳՆ-ի գործունեության ծրագրում ընդգծվում է, որ Անկարան հետագայում ևս կշարունակի խաղաղության օրակարգի առաջմղման հարցում իր քայլերը համակարգել Ադրբեջանի հետ։

Մայիսի 13-ին Թուրքիան հայտարարել էր Հայաստանի հետ երկկողմ առևտրի սահմանափակումների վերացման մասին։

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն ավելի քան 4 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները: Երկրների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներն սկսել էին 2022 թվականից։

Leave a Comment