Դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը կառավարության դեմ․ որոշումը բողոքարկվել է

ՀՀ վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ» ընկերության հայցն ընդդեմ կառավարության՝ հրաժարվելով այն վարույթ ընդունել։ Ընկերությունը բողոքարկել է դատարանի այս որոշումը, Armenia Today-ին հայտնել է «Տաշիր Կապիտալ»-ի ներկայացուցիչ Վարդան Ալոյանը:

Կառավարությունը դատական գործընթացի մեջ է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) ընկերության հետ այն վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ Գործընթացը կառավարությունը նախաձեռնել էր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո։

Հուլիսի 1-ին ընկերությունների խումբը դատարան էր դիմել՝ պահանջելով որպես հայցի ապահովման բացառիկ միջոց ճանաչել ՀԷՑ-ի 70% բաժնեմասի օտարման իրավահարաբերության բացակայությունը։

Ըստ Ալոյանի՝ դատարանը պատճառաբանել է, թե հարցը ենթակա չէ դատական քննության, ինչն իրենց գնահատմամբ սխալ որոշում է։

«Դատարանը հայցը վարույթ չի ընդունել՝ նշելով, որ այս հարցը դատարանի քննության ենթակա չէ։ Բայց այդպիսի բան լինել չի կարող, սխալ որոշում է կայացվել»,- պարզաբանեց նա։

Դատարանը հունիսի 18-ին երկու ամսով կալանավորել էր ընկերության տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանին, որը դատարանում «Տաշիր Կապիտալ»-ի շահերը ներկայացնող հիմնական դերակատարն էր և «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու։

Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ բռնագրավման քայլերից՝ ՀԾԿՀ-ն ավելի ուշ դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։ Մայիսին ՀՀ վարչական դատարանն արգելել էր իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընկերության շուրջ, մասնավորապես՝ օտարել այն։ Հունիսին, սակայն, ՀԷՑ 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ էր հրապարակվել։

Կարդացեք նաև՝ 

Իշխանության էներգետիկ մանևրը

Leave a Comment