Իրանի նախկին նախագահը հերքել է Իսրայելի հետ գաղտնի կապերի մասին լուրը

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է The New York Times-ի հրապարակումը, ըստ որի՝ նա կապեր է ունեցել Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի հետ։

Ահմադինեժադի գրասենյակը հայտարարել է, որ թերթի հրապարակումը լիովին կեղծ հաղորդագրություն է և նպատակ ունի ազդել հասարակական կարծիքի վրա։

«New York Times թերթը հրապարակել է Ահմադինեժադի մասին լիովին կեղծ հաղորդագրություն և փորձել է հուզել հասարակական կարծիքը՝ օգտագործելով ռազմական սպառնալիքների հետ կապված զգայուն քաղաքական իրավիճակը»,- նշված է գրասենյակի հայտարարությունում։

Նրանց խոսքով՝ հրապարակումը Իրանի դեմ հոգեբանական պատերազմի մաս է, իսկ թերթի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

«Չնայած նրան, որ մենք համոզված ենք, որ «New York Times»-ի հոլիվուդյան ոճի պնդումները հերքման կարիք չունեն, հաշվի առնելով երկրում տիրող մթնոլորտն ու քաղաքական իրավիճակը՝ կտրականապես մերժում ենք բոլոր պնդումները՝ որպես լիովին կեղծ»,- ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով ԱՄՆ-ում և Իրանում իր աղբյուրներին, գրել էր, որ «Մոսադ»-ը մի քանի տարի շարունակ գաղտնի կապ է ունեցել Ահմադինեժադի հետ և նրան դիտարկել է որպես Իրանի իշխանափոխությունից հետո հնարավոր քաղաքական դեմք։

Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահն է եղել 2005-2013 թվականներին։

Leave a Comment