14 հուլիսի 2026 – 12:39 AMT
PanARMENIAN.Net – Հուլիսի 11-ին Երևանի ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու և համապատասխան վարչական արձանագրություններ կազմելու նպատակով, հայտնու է Երևանի քաղաքապետարանը։
Տեղափոխված անձանցից 10-ը՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, 7-ը՝ այլ անձանցից ապօրինի գումար պահանջելու կամ շորթելու կասկածանքով։
«Միաժամանակ իրավախախտում կատարած անձանց տեղեկացվել է, որ հսկողական միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։ Կրկնակի վարչական իրավախախտում կատարելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված ավելի խիստ վարչական պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ ավելի բարձր չափի վարչական տուգանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գործողությունն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ու համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ հսկողական միջոցառման արդյունքում: