ԶԼՄ-ն հայտնել է հայ-թուրքական կարգավորման բանագնացի հնարավոր թեկնածուի մասին

Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հնարավոր է փոխարինի Ռուբեն Ռուբինյանին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացի պաշտոնում, հայտնել է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ այս թեկնածությանը հավանություն է տվել նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը, քանի որ նրան համարում է ամենավստահելի գործընկերներից մեկը։

Կոստանյանը թերթին հայտնել է, որ նման քննարկում չի կայացել և ինքը շարունակում է կատարել իր պարտականությունները՝ փոխնախարարի պաշտոնում։

Ռուբինյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2021 թվականի վերջին։ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ նա վեց պաշտոնական հանդիպում է անցկացրել, վերջինը՝ 2025 թվականի սեպտեմբերի 12-ին Երևանում։

Վերջին հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել էին արագացնել երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման գործընթացը, ուսումնասիրել Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդման գծի գործարկման տեխնիկական հնարավորությունները։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, իսկ ցամաքային սահմանը Թուրքիայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից։

Leave a Comment