Առյուծի անկումից հետո Քրիստինա Վարդանյանը դուրս է գալիս Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը հայտարարել է, որ դուրս է գալիս Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից։

Որոշման պատճառը, ըստ նրա, Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված էգ առյուծի անկման դեպքից հետո ստեղծված իրավիճակն է։ Այս մասին Վարդանյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է, որ հուլիսի 7-ին՝ դեպքից անմիջապես հետո, առաջարկել է հրատապ նիստ հրավիրել՝ դեպքի հանգամանքները քննարկելու և պատասխանատվության հարցը պարզելու նպատակով, սակայն նիստը նշանակվել է միայն հուլիսի 16-ին։

«Չսպասելով Կառավարման խորհրդի նիստին՝ հուլիսի 9-ին դեպքի վերաբերյալ իմ բոլոր հարցերն ու առաջարկությունները պաշտոնապես հասցեագրել եմ Երևանի քաղաքապետին»,- գրել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ նման դեպքը պահանջում էր անհապաղ, պատասխանատու և բազմակողմանի մասնագիտական արձագանք։

«Քանի որ դա տեղի չունեցավ, որոշեցի դուրս գալ Կառավարման խորհրդի կազմից»,- նշել է Քրիստինա Վարդանյանը։

Leave a Comment