Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության և ընդդիմության միջև հեռակա բանավեճի առանցքային թեմաներից մեկը շարունակում է մնալ պետական ինստիտուտների գործունեությունը։
Բանավեճի առանցքում հատկապես իրավապահ և դատական համակարգերի գործունեությունն է։ Ընդդիմությունը պարբերաբար հայտարարում է իրավապահ և դատական համակարգերի քաղաքականացված լինելու մասին, իսկ իշխանությունները պնդում են, որ դրանք գործում են բացառապես օրենքի շրջանակում և անկախ են քաղաքական ազդեցությունից։
Դատական համակարգի խնդիրներին է անդրադարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հուլիսի 2-ին հայտարարելով, որ այստեղ դեռ կան կոռուպցիոն երևույթներ, և արդարադատությունը հաճախ թեքվում է, իր խոսքով, «ավելի հաստ քսակ» ունեցողների կողմը։
Պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վերաբերմունքի մասին պատկերացում են տալիս նաև նախընտրական շրջանում անցկացված հարցումները։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) տվյալներով՝ դատական համակարգի աշխատանքից գոհ է հարցվածների 44%-ը, իսկ 38%-ը՝ դժգոհ։ Նույն հարցման համաձայն՝ վարչապետի աշխատակազմի գործունեությունից լիովին գոհ է հարցվածների 31%-ը, իսկ 33%-ը՝ դժգոհ։ Gallup-ի տվյալներով էլ վարչապետի աշխատանքին լիովին հավանություն է տալիս քաղաքացիների 27,1%-ը։
Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե որքանով են քաղաքացիները վստահում պետական ինստիտուտներին։ Քաղաքացիներից ոմանք պետական կառույցների նկատմամբ հայտնել են իրենց վստահության պակասի կամ իսպառ բացակայության, ոմանք էլ՝ մասնակի կամ լիովին վստահության մասին։
Հարցված քաղաքացիներից մեկը վստահություն է հայտնել Արտաքին գործերի նախարարության վարած քաղաքականության նկատմամբ։
«Արտաքին գործերի հարցով ճիշտ են վարվում։ Դատականին ծանոթ չեմ, բայց չի գոհացնում»,- կարծիք է հայտնել քաղաքացին՝ նշելով, որ գոհ չէ նաև վարչապետի և Երևանի քաղաքապետարանի աշխատանքի մի շարք ուղղություններից։
Մեկ այլ քաղաքացի դժգոհել է, որ պետական կառույցները բավարար ջանք չեն գործադրում իրենց աշխատանքը լավացնելու համար։
«Պետք է սովորեն, զարգանան ամեն օր, որպեսզի հասնեն պատշաճ մակարդակի։ Այսօր շատ վատ բաներ եմ տեսնում, իսկ այդ զարգացումը չեմ տեսնում։ Իրենք իրենց վրա պետք է աշխատեն, գիտելիքները շատացնեն, որ ամեն ինչ նորմալ լինի»,- նշել է քաղաքացին։
Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ պետական կառույցները կառավարվում են դրսից և ինքը չի վստահում դրանց։
«Բոլորը կառավարվում են Թուրքիայից, դրա համար էլ չեմ վստահում»,- ասել է քաղաքացին։
Որոշ քաղաքացիներ էլ, սեփական փորձից ելնելով, ասել են, թե որ կառույցին որքան են վստահում կամ չեն վստահում։
«Սոցապնախախրության հետ առնչվել եմ, վստահում եմ։ Մշակույթի նախարարությունը հիմա տարօրինակ քաղաքականություն է վարում։ 1920-ական թվականներին սոված Հայաստանում Համո Բեկնազարյանը առաջին կինոստուդիաներից մեկն է ստեղծել, այս կառավարությունը դա վերացրեց։ Այսինքն, հայկական կինոն բացարձակ արժեք չի ներկայացնում»,- դիրքորոշում է հայտնել քաղաքացին։
Որոշ քաղաքացիներ էլ վստահություն են հայտնել պետական կառույցների գործունեության նկատմամբ։
«Եթե ապրում եմ այս երկրում, ուրեմն՝ վստահում եմ պետական կառույցներին»,- ասել է հարցմանը մասնակցած մի քաղաքացի։
Հարցված քաղաքացիներից մեկն ասել է, որ վստահում է պետական կառույցներին, քանի որ իր նկատմամբ վատ վերաբերմունք չի տեսել։
«Ես նոր եմ եկել Հայաստան։ Երբ դիմել եմ թե՛ անձնագրային, թե՛ համատիրության հարցերով, շատ բարեհամբույր ճանապարհել են ինձ»,- փաստել է քաղաքացին։
Որոշ քաղաքացիներ էլ ասել են, որ իրենք քաղաքականությամբ հետաքրքրված չեն և կարծիք չեն հայտնել։
Մանրամասն՝ տեսանյութում։
