Դատարանը թույլատրել է Սերժ Սարգսյանի գործը քննել առանց նրա – armeniatoday.am

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ թույլատրելով շարունակել նրա քրեական գործի քննությունը առանց նրա պարտադիր մասնակցության։ Մեղադրող կողմը չի առարկել միջնորդությանը։ Դատարանի նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia TodayYouTube-ի ալիքով։

Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ միջնորդությունը ներկայացվել է Սարգսյանի հետ քննարկումից հետո։

«Սարգսյանը չի առարկում, որ իր բացակայությամբ նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնեն փաստաբանները։ Եթե դատարանը որևէ նիստի ընթացքում անհրաժեշտ համարի նրա անձնական մասնակցությունը, խնդրում եմ այդ հարցը դնել քննարկման»,- ասել է Մակինյանը։

Փաստաբանի խոսքով՝ Սարգսյանը կարծում է, որ իր ներկայությունը բոլոր դատական նիստերին պարտադիր չէ գործի օբյեկտիվ քննության համար, սակայն պատրաստ է դատարան ներկայանալ առաջին իսկ պահանջով։

Նույն որոշումը դատարանը կայացրել է նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ, որը ևս ներգրավված է նույն քրեական վարույթում։

Հաջորդ դատական նիստերը նշանակվել են սեպտեմբերի 10-ին և հոկտեմբերի 6-ին։

Սարգսյանի նկատմամբ քննվում է մի քանի քրեական գործ, որոնք հետագայում միավորվել են երկու վարույթում։ Դրանցից մեկը, այսպես կոչված, «դիզվառելիքի գործն» է, որը վերաբերում է պետական ծրագրերի շրջանակում վառելիքի մատակարարման ընթացքում ենթադրյալ չարաշահումներին։ Այդ գործով է Բեգլարյանը, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

2024 թվականի մայիսի 31-ին դատարանն այս գործով արդարացրել էր Սարգսյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով, սակայն արդարացման որոշումը  2025-ին բեկանվել էր։ 

Երկրորդ վարույթը վերաբերում է Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ենթադրյալ ապօրինի օտարմանը։ Բացի այդ, 2025 թվականի նոյեմբերի 5-ին Գլխավոր դատախազությունը Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցել կաշառք ստանալու մեղադրանքով։

Leave a Comment