Աշխատանքային օրվա ընթացքում կես ժամ կամ նույնիսկ մեկ ժամ բացակայել՝ առանց աշխատավարձի կորստի։ Հուլիսի 10-ից Հայաստանում ուժի մեջ է մտել Աշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումը՝ «ծնողական ժամը», որի նպատակն է աշխատող ծնողներին հնարավորություն տալ համատեղելու աշխատանքն ու ընտանեկան պարտականությունները։
Ըստ նախնական հաշվարկների՝ նոր կարգավորումը կտարածվի մոտ 700 հազար աշխատողի վրա։
Ծնող լինելն աշխատանքային ժամացույցով չի սահմանափակվում։ Երեխայի այցը բժշկին, ծնողական ժողովը կամ կրթական գործընթացին մասնակցելը հաճախ համընկնում են հենց աշխատանքային ժամերի հետ։ Այժմ այդ իրավիճակների համար օրենքը նախատեսում է նոր իրավունք. «Աշխատող ծնողների՝ սոցիալապես ավելի պաշտպանված լինելու հանգամանքով է պայմանավորված փոփոխության նպատակը»։
Նոր կարգավորմամբ՝ մինչև 12 տարեկան մեկ կամ երկու երեխա ունեցող աշխատող ծնողը կարող է աշխատանքային օրվա ընթացքում օգտվել մինչև 30 րոպե տևողությամբ ծնողական ժամից։ Իսկ եթե ընտանիքում մինչև 12 տարեկան երեք և ավելի երեխա կա, ծնողական ժամի տևողությունը դառնում է մինչև մեկ ժամ։
Առանձին կարգավորում է նախատեսվել նաև մինչև 18 տարեկան, ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխա խնամող ծնողների համար։ Այդ դեպքում էլ օրական տրամադրվում է մինչև մեկ ժամ՝ անկախ երեխաների ընդհանուր թվից։
Ծնողական ժամի կարգավորումը գործատուներին հնարավորություն կտա ընտանիքամետ քաղաքականություն դրսևորել իրենց կազմակերպություններում, իսկ աշխատողներին կօգնի աշխատանքի և ընտանեկան կյանքի համատեղման հարցում. «Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։ Այդ ընթացքում կարևոր է ֆիքսել, որ պահպանվում է աշխատողի վարձատրությունը՝ հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում պահպանվում է միջին աշխատավարձը՝ առանց պարգևատրման գումարի»։
Դիմումի համար հատուկ ձևաթուղթ սահմանված չէ։ Այն կարող է կազմվել ազատ ոճով՝ նշելով երեխայի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները և այն ժամանակահատվածը, որի ընթացքում աշխատողը ցանկանում է օգտվել իր իրավունքից։
Կարևոր հանգամանք կա նաև վարձատրության մասով. ծնողական ժամից օգտվելը չի նշանակում աշխատավարձի նվազում։
Կարգավորումը վերաբերում է թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի աշխատողներին։ Այն հավասարապես տարածվում է մայրերի, հայրերի, ինչպես նաև որդեգրողների, խնամակալների և խնամատար ծնողների վրա։
Եթե և՛ հայրը, և՛ մայրը աշխատում են (նույնիսկ նույն գործատուի մոտ), երկուսն էլ կարող են առանձին օգտվել ծնողական ժամից՝ նույն կամ տարբեր ժամերին. «Ծնողական ժամի իրավունքը կուտակային չէ։ Այսինքն՝ եթե մի օր ծնողները չեն օգտագործում այն, դա չի կուտակվում. հաջորդ օրերին չեն կարող ավելի երկար տևողությամբ բացակայել աշխատանքից»։
Օրենքը նաև չի սահմանում, թե ծնողական ժամը պարտադիր պետք է օգտագործվի միայն օրվա սկզբում կամ վերջում։ Աշխատողը կարող է այն օգտագործել աշխատանքային օրվա ցանկացած հատվածում՝ կախված երեխայի շահերից բխող անհրաժեշտությունից։
Միաժամանակ գործատուն պարտավոր չէ վերահսկել, թե այդ ժամանակահատվածն ինչպես է օգտագործվել։ Օրենքը հիմնված է աշխատողի բարեխղճության սկզբունքի վրա։
Իսկ եթե գործատուն հրաժարվի տրամադրել օրենքով նախատեսված ծնողական ժամը, աշխատողը կարող է դիմել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։
Մանրամասները՝ տեսանյութում։
