
Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Ուկրաինայի և Միացյալ Թագավորության առաջնորդները հայտարարեցին հակահրթիռային կոալիցիայի ստեղծման մասին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Ելիսեյան պալատի կայքում։
Փաստաթղթում նշվում է, որ կոալիցիան կունենա բացառապես պաշտպանական բնույթ և կզարգացնի համաեվրոպական հնարավորություններ՝ բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար։ Մասնակից երկրները մտադիր են ստեղծել ինտեգրված հրթիռային պաշտպանության ճարտարապետություն, որը կլրացնի առկա ազգային և համաեվրոպական համակարգերը։ Նախաձեռնությունը նախատեսում է սահմանել ընդհանուր գործառնական պահանջներ, ձևավորել համատեղ տեխնիկական աշխատանքային խմբեր, մշակել կառավարման մեխանիզմներ և համակարգի առաջին տարրերի զարգացման ճանապարհային քարտեզ։
Նախաձեռնության մասնակիցները նշել են, որ որոշումը կայացվել է բալիստիկ հրթիռների աճող սպառնալիքի և եվրոպական մայրցամաքի անվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտության ֆոնին։ Հռչակագրի հեղինակները ընդգծել են, որ նոր կոալիցիան ստեղծվում է «ոչ թե որևէ ազգի դեմ, այլ բացառապես սեփական պաշտպանության համար»։ Երկրները մտադիր են համատեղ ֆինանսավորել հետազոտություններն ու մշակումները, զարգացնել պաշտպանական արդյունաբերության համագործակցությունը, ինչպես նաև փոխանակել տեխնոլոգիաներ և տեղեկատվություն։ Հիմնադիրները նաև հայտարարել են, որ կոալիցիան բաց է մնում իր նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների միացման համար։