13 հուլիսի 2026 – 18:26 AMT
PanARMENIAN.Net – Վերջին շրջանում արձանագրվել են հափշտակության դեպքեր, որոնց ընթացքում Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվել են կեղծ գովազդներ առաջարկելով քաղաքացիներին մեկ ամսվա ընթացքում անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից։
Կեղծ են «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են, հայտնում է կիբեռոստիկանությունը:
Այդ գովազդներում տեղադրված հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվել է մուտքագրել իրենց հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդը տրամադրելու դեպքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչի արդյունքում կարողանում են հափշտակել ինչպես «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում եղած ֆինանսական միջոցները։
Հորդորվում է՝
- չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից,
- չտրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ,
- «Telcell Wallet»-ի հետ կապված բոլոր գործողությունները կատարել բացառապես պաշտոնական հավելվածի միջոցով։
Նշվում է, որ խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով։