Մասնագիտական կրթության որակի բարձրացման ուղղությամբ քննարկվում են մի քանի նոր ձևաչափեր, որոնց առանցքում աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրումն է։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մասնակցելով Erasmus+ QA4VET ծրագրի շրջանակում իրականացված փորձնական հավատարմագրման արդյունքների ամփոփիչ միջոցառմանը։
Սվաջյանի խոսքով՝ վերանայվելու են մասնագիտական կրթության ոլորտում լիցենզավորման և հավատարմագրման գործընթացները՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով կրթության որակի բարձրացմանը։
«Մասնագիտական կրթության որակի բարձրացման մի քանի ձևաչափ ենք դիտարկում։ Առանցքում աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրումն է։ Պետք է նաև կենտրոնանանք դասավանդողների մասնագիտական կարողությունների զարգացման վրա, ինչպես նաև ուժեղացնենք կառավարման համակարգը»,- նշել է նա։
Փոխնախարարը նաև ընդգծել է, որ մասնագիտական կրթության ոլորտում դիմորդների թիվը տարեցտարի աճում է, իսկ հավատարմագրման գործընթացը կարևոր գործոն է ինչպես կրթության որակի, այնպես էլ ուսանողների վստահության բարձրացման համար։
QA4VET-ը Erasmus+ ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնություն է, որի նպատակն է զարգացնել մասնագիտական կրթության հաստատությունների ներքին որակի ապահովման համակարգերը։ Ծրագրին միացել է Հայաստանի 9 մասնագիտական ուսումնական հաստատություն, իսկ այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։