Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ի պատասխան ԱՄՆ-ի իրականացրած հարվածների՝ թիրախավորել է Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները։ Այդ մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ Հորդանանի «Փրինս Հասան» ավիաբազայում խոցվել են մի քանի խոշոր զինապահեստներ և վառելիքի պահեստարաններ։
Քուվեյթում, ըստ հայտարարության, ոչնչացվել են «Ալի Ալ-Սալեմ» ավիաբազայում տեղակայված Patriot զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև «Ահմեդ Ալ-Ջաբեր» ավիաբազայի ռազմավարական FPS ռադարային համակարգը։
Բացի այդ, հարվածներ են հասցվել նաև Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ օպերատիվ նավատորմի բազային։
ԻՀՊԿ-ում նշել են, որ իրականացված հարվածները միայն առաջին փուլն են՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից երկուշաբթի օրը Իրանի առափնյա ռազմական բազաների դեմ իրականացված հարձակումների։