Նոր փոփոխություններ վարորդական քննությունների կարգում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոր փոփոխություններ վարորդական քննությունների կարգում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունն ընդունել է օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են թե՛ տեսական ու գործնական քննությունների կազմակերպմանը, թե՛ վարորդական իրավունքի վկայականի վերականգնման ընթացակարգերին։ Նոր կարգավորումներով նախատեսվում է թեթևացնել քաղաքացիների վարչարարական բեռը, բարելավել սպասարկման որակը և առավել տրամաբանական ու արդյունավետ դարձնել քննությունների համակարգը։

ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանի խոսքով՝ ամենակարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է տեսական քննության հարցաշարերին.

«Մենք որակավորման տեսական քննության հարցաշարերն այնպիսի տրամաբանությամբ ենք տարանջատելու, որպեսզի քաղաքացին պատասխանի միայն այն հարցերին, որոնք վերաբերում են այն կարգին կամ ենթակարգին, որի համար նա դիմել է»։

Մկրտչյանն օրինակ է բերում. եթե քաղաքացին դիմել է մարդատար ավտոմեքենա վարելու իրավունք ստանալու համար, նրա հարցաշարում չեն լինելու ավտոբուսների կամ հանրային տրանսպորտի հետ կապված հարցեր։ Իսկ եթե դիմել է ավտոբուս վարելու ենթակարգի համար, բնականաբար, կպատասխանի հենց այդ կարգին համապատասխանող հարցերին։

Հարցաշարերի առանձնացման և հասցեականության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնելու 2026թ․ սեպտեմբերի 1-ից։ Մինչ այդ կիրականացվեն անհրաժեշտ տեխնիկական աշխատանքները։

Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ պարզեցվում է փաստաթղթաշրջանառությունը.

«Մեր ստորաբաժանումներն ավտոմատ կերպով «Արմեդ» համակարգից կտեղեկանան քաղաքացիների վարելու իրավունքի սահմանափակումների կամ արգելքների մասին, և բոլոր հիմնական դեպքերում քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի այդպիսի փաստաթղթերը բժշկական հաստատություններից հավաքել և ներկայացնել մեր ստորաբաժանումներին»։

Նոր կարգավորում է նախատեսվել նաև այն դեպքերի համար, երբ քննությունն ընդհատվում է տեխնիկական խնդիրների պատճառով.

«Այն դեպքերում, երբ տեսական կամ գործնական քննությունը կընդհատվի տեխնիկական պատճառներով, որոնք այդ պահին հաղթահարել հնարավոր չի լինի, մենք կպարտավորվենք տվյալ քաղաքացուն առաջարկել առաջիկա հինգ օրերի ընթացքում գալ և վերահանձնել քննությունը»։

Կարևոր փոփոխություն է նախատեսվել նաև տեսական քննության դրական արդյունքի գործողության ժամկետի մասով։ Նախկինում, եթե քաղաքացին մեկ տարվա ընթացքում չէր հասցնում հանձնել գործնական քննությունը, տեսական քննության դրական արդյունքն անվավեր էր ճանաչվում, և նա ստիպված էր լինում կրկին հանձնել այն.

«Այս մեկ տարվա ժամկետը մենք դարձրել ենք 2 տարի, որպեսզի քաղաքացին պահպանի իր տեսական քննության դրական արդյունքը և մեկ տարվա փոխարեն արդեն 2 տարվա ընթացքում կարողանա դիմել գործնական քննության»։

ՆԳՆ-ում վստահ են, որ փոփոխությունները կնվազեցնեն հերթերը, կբարելավեն ծառայությունների մատուցման արդյունավետությունը և վարորդական իրավունքի ստացման գործընթացը կդարձնեն ավելի հարմար, արդար ու ժամանակակից՝ ինչպես քաղաքացիների, այնպես էլ պետական կառավարման համակարգի համար։

Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքի դեպքում գործնական քննությունը մեկ տարվա փոխարեն երկու տարվա ընթացքում հանձնելու հնարավորության վերաբերյալ դրույթն ուժի մեջ է մտել 2026 թվականի հուլիսի 4-ից։ Ընդ որում, փոփոխությունը գործում է նաև այն անձանց համար, որոնց նախկին՝ մեկ տարվա ժամկետը որոշման ուժի մեջ մտնելու պահին դեռ չի լրացել։

Բոլոր այն քաղաքացիները, որոնք տեսական քննությունը հանձնել էին մինչև այս որոշման ուժի մեջ մտնելը, և նրանց մեկ տարին դեռ չէր լրացել, ավտոմատ կերպով ստացել են երկու տարվա հնարավորություն։ Այն քաղաքացիների համար, որոնց մեկ տարին արդեն լրացել էր մինչև հուլիսի 4-ը, տեսական քննության արդյունքները համարվում են ուժը կորցրած։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment