Տեղեկություն է տարածվել, որ Իսրայելը ԱՄՆ-ին նոր հետախուզական տվյալներ է տրամադրել, ըստ որոնց՝ Իրանը դիտարկում է նախագահ Թրամփի սպանության նոր ծրագիր։
Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
-Դուք այս հայտարարությունն իրատեսական համարո՞ւմ եք։
-Կարծում եմ՝ նման կարգի լուրերն ավելի շատ քարոզչական նպատակ են հետապնդում, քանի որ Իսրայելը շատ լուրջ նպատակներ ունի ձախողելու ԱՄՆ-Իրան կարգավորման գործընթացը։ Չի բացառվում, որ նման եղանակներով՝ ոչ արժանահավատ կամ կասկածելի տեղեկություններ տարածելով, նպատակ է հետապնդվում ձախողել այդ գործընթացը։ Եթե անգամ այս տեղեկությունը ճիշտ լինի (չնայած կարծում եմ, որ դրա հավանականությունը չափազանց ցածր է), այնուամենայնիվ, կարծում եմ՝ Իրանը նման հնարավորություններ այս պահին չունի։ Թեև դրա տրամաբանական լինելն այնքանով է ընկալելի, որ պատերազմի սկզբին Միացյալ Նահանգները շարքից դուրս էր բերել Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, և, հետևաբար, Իրանի պատասխան գործողությունը կարող է տրամաբանական թվալ։
– Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության նոր, մեծ փուլի ականատես կլինե՞նք մոտ ապագայում։
-Դժվար է միանշանակ կանխատեսել, թե ինչ տրամաբանությամբ կզարգանա լարվածությունը։ Ակնհայտ է, որ այս պահին կողմերը չեն կարողանում բանակցել և փորձում են ռազմական եղանակով մեկը մյուսին մղել զիջումների։ Այս պահին կարծես թե որևէ դերակատար հրապարակայնորեն չի հայտարարում հրադադարի ռեժիմից դուրս գալու մասին, բայց պարբերաբար կրկնվող ռազմական գործողությունները, եթե շարունակվեն, ապա բնականաբար ինչ-որ փուլում արդեն անիմաստ կդարձնեն հրադադարը։ Բայց միևնույն ժամանակ կողմերի դիրքորոշումներում դեռևս շարունակվում է պահպանվել քաղաքական և բանակցային հարթությունում կարգավորման գնալու նպատակահարմարությունը։ Ամեն դեպքում, մինչ այժմ բովանդակային էական տարբերություն չի արձանագրվել կողմերի դիրքորոշումներում։ Եթե հրադադարը խախտվի կամ կողմերը հրաժարվեն դրանից, ապա այդ դեպքում արդեն նոր պատերազմի հավանականությունը կրկին մեծ կլինի, բայց այս պահին առայժմ գոնե նման միտումներ չկան։
– Որքանո՞վ է մեծ հավանականությունը, որ հակամարտությունը դուրս կգա երկու երկրների սահմաններից և կներգրավի տարածաշրջանի այլ դերակատարների։
-Միացյալ Նահանգների տարածք հակամարտությունը մինչ այժմ չի հասել։ Բնականաբար, այն եղել է Իրանի տարածքում և տարածաշրջանում։ Նույն տրամաբանությամբ էլ շարունակվելու է։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները Իրանին հարվածելու է Իրանի ցամաքային և ծովային տարածքում, Իրանը պատասխանելու է տարածաշրջանի երկրներում՝ հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմաբազաները թիրախավորելով, հնարավոր է՝ Իսրայելի ներգրավվածության դեպքում նաև Իսրայելի տարածքը թիրախավորելով։ Այս պատերազմի տրամաբանությունը մեկն է, և եթե ռազմական գործողությունները կրկին ակտիվանան, դրանք այս ուղղություններով էլ շարունակվելու են։ Եվ անցած օրերին արձանագրված փոխադարձ հարվածները հենց այդ նշածս տրամաբանությամբ են ընթացել։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, Իրանը պատասխանել է տարածաշրջանի երկրների՝ հատկապես Քուվեյթի և Բահրեյնի տարածքում Միացյալ Նահանգների ռազմաբազաների դեմ ուղղված հրթիռային կամ անօդաչու թռչող սարքերի հարվածներով։
-Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի միայն Իրանի պայմաններով։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է ԱՄՆ-ի պատասխանը։
-Ղալիբաֆի հայտարարությունը ԱՄՆ գործողությունների պատասխանն էր, քանի որ Միացյալ Նահանգները Իրանի տարածքում թիրախավորել էր տարբեր նշանակության ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտներ՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցում գործողություն իրականացնելուց հետո։ Եվ որպես ամերիկյան գործողությունների պատասխան՝ Իրանը հանդես է եկել նման հայտարարությամբ, որ փակում է Հորմուզի նեղուցը, այսինքն՝ հրաժարվում է կատարել հունիսի 19-ին կողմերի միջև ստորագրված փաստաթղթով Իրանին վերապահված պարտավորությունները։ Եթե Իրանը գնա նեղուցն ամբողջովին փակելու ճանապարհով, ապա Միացյալ Նահանգներն էլ վերադառնալու են նախկին ռազմավարությանը, այսինքն՝ շրջափակելու են նեղուցը և թույլ չեն տալու, որպեսզի իրանական տանկերները (բեռնատար նավերը) ևս կարողանան աշխատել ու դուրս բերել իրանական նավթը։ Այնպես որ, եթե Միացյալ Նահանգները որոշի պատասխանել Հորմուզի նեղուցի շրջափակման քայլին, ապա դա լինելու է այն նույն տրամաբանության մեջ, որը կար մինչև կողմերի միջև հրադադարի հաստատումը։
Լիլիթ Աբրահամյան
