Ֆիդանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ից շարժիչների մատակարարման հետ խնդիրներ չեն լինի

Անկարան հույս ունի, որ ապագայում Թուրքիային ամերիկյան կործանիչների շարժիչների մատակարարման հետ կապված խնդիրներ չեն առաջանա, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«ԱՄՆ Կոնգրեսում F110 շարժիչների վերաբերյալ առարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը երեկ լրացել է։ Ուստի հուսով եմ, որ այս հարցում այլևս խնդիրներ չեն լինի», — նրա խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսը փորձելու է արգելափակել Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ Թուրքիային կործանիչների շարժիչներ վաճառելու և Անկարայի՝ F-35 կործանիչների ծրագրին հնարավոր վերադարձի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Ֆիդանը նաև հույս է հայտնել, որ հաջող ելք կունենան Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման և Անկարայի կողմից այդ տիպի կործանիչների ձեռքբերման հետ կապված հարցերը։ Արտգործնախարարը նշել է, որ հուսով է՝ երկու հարցի շուրջ էլ շուտով համաձայնություն կձեռքբերվի։ «Այլ կերպ ասած՝ չեմ կարծում, թե այս առումով որևէ խնդիր կառաջանա», – ասել է Ֆիդանը։

Գործակալությունը նշել է, որ թուրքական «Hürriyet» թերթն ավելի վաղ հայտնել էր, թե Թուրքիան կարող է հայտարարել ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին վերավաճառելու մասին՝ փորձելով համոզել ԱՄՆ-ին՝ Անկարային վաճառել F-35 կործանիչներ։ Թուրքիան ենթարկվել էր պատժամիջոցների և 2020 թվականին հեռացվել F-35-ի մշակման ու ձեռքբերման ծրագրից՝ այդ համակարգերը գնելու պատճառով։

Leave a Comment