Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի

Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի

Ֆրանսիայի ամենաերկար գետը՝ Լուարը, գրեթե ցամաքել է, քանի որ Արևմտյան Եվրոպան բախվել է պատմության ամենաուժեղ տապի ալիքներից մեկին։ Հունիսին Եվրոպայում գրանցված անոմալ շոգի ֆոնին Ֆրանսիայում երաշտային պայմանները գնալով սրվում են։ Լուսանկարները ցույց են տալիս, որ Մոնժան-սյուր-Լուար շրջանում Լուարի հունն ամբողջությամբ չորացել է:

625 մղոն (շուրջ 1000 կմ) երկարությամբ գետից մնացել են միայն առանձին լճացած ջրափոսեր։ Նման իրավիճակ է նաև Դու գետի մի հատվածում՝ Մեզոն-դյու-Բուա-Լիևրեմոն համայնքում, որտեղ ջրի մակարդակը կտրուկ նվազել է։ Ծայրահեղ շոգը Ֆրանսիայում հանգեցրել է դպրոցների փակման, տասնյակ հազարավոր տնային տնտեսությունների էլեկտրամատակարարման խափանումների և ավելի քան 2000 մահվան դեպքի։

Բարձր ջերմաստիճանի պատճառով ջրային պաշարները զգալիորեն նվազել են։ Ֆրանսիայի գրեթե մեկ տասնյակ դեպարտամենտների առնվազն մեկական համայնքում հայտարարվել է ջրի օգտագործման ամենաբարձր՝ «ճգնաժամային» մակարդակ։ Ֆրանսիայում հունիսի 24-ին գրանցվել է վերջին մոտ 80 տարվա ամենաբարձր ջերմաստիճանը․ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Պիսոս քաղաքում սնդիկի սյունը հասել է 44,3°C-ի, ինչից հետո հայտարարվել է կարմիր աստիճանի վտանգավորության նախազգուշացում։

Միաժամանակ Ֆրանսիայի հարավում բռնկվել են անտառային խոշոր հրդեհներ, իսկ Եվրոպայի մի շարք երկրներում՝ Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և հենց Ֆրանսիայում, կրակը ոչնչացրել է ավելի քան 19 հազար հեկտար տարածք։ Գիտնականների խոսքով՝ ծայրահեղ շոգը պայմանավորված է մթնոլորտային երկարատև գործընթացներով, որոնք տաք օդը պահում են տարածաշրջանում։ Նրանք նշում են, որ կլիմայի փոփոխությունը մեծացնում է նման երևույթների հաճախականությունն ու ուժգնությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment