1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է

1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է

Գրեթե հազար տարի անց Բայեի գոբելենը (Bayeux Tapestry) կրկին հայտնվել է Անգլիայի տարածքում։ Այն Ֆրանսիայից գաղտնի և խիստ անվտանգության պայմաններում տեղափոխվել է Լոնդոնի Բրիտանական թանգարան, որտեղ կցուցադրվի սեպտեմբերի 10-ից մինչև 2027 թվականի հուլիսը։ 70 մետր երկարությամբ միջնադարյան ասեղնագործությունը համարվում է 1066 թվականի նորմանդական նվաճման ամենահայտնի պատկերավոր վկայություններից մեկը։ Այն պատկերում է Հասթինգսի ճակատամարտին նախորդած իրադարձությունները, երբ Նորմանդիայի դուքս Վիլհելմը հաղթեց անգլոսաքսոնական բանակին և դարձավ Անգլիայի առաջին նորմանդացի թագավորը։

Արժեքավոր ցուցանմուշի տեղափոխման բոլոր մանրամասները գաղտնի են պահվել անվտանգության նկատառումներով։ Այն հատուկ կլիմայական պայմաններ ապահովող պատյանում, հարվածները մեղմող պաշտպանիչ համակարգով, Ֆրանսիայից տեղափոխվել է Լա Մանշի թունելով անցնող գնացքով, ապա՝ ոստիկանական ուղեկցությամբ հասցվել Լոնդոն։ Թանգարանում գոբելենը մի քանի օր կհարմարվի նոր պայմաններին, որից հետո այն կբացվի և կպատրաստվի ցուցադրությանը։ Թանգարանի տվյալներով՝ ցուցահանդեսը կարող է դառնալ վերջին 267 տարվա ընթացքում ամենապահանջվածներից մեկը։ Տոմսերի վաճառքի առաջին իսկ օրը վաճառվել է շուրջ 100 հազար տոմս։

Բայեի գոբելենը համարվում է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի փոխկապակցված պատմության խորհրդանիշներից մեկը։ Դրա ժամանակավոր փոխառության մասին հայտարարվել էր 2025 թվականին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Մեծ Բրիտանիա կատարած պետական այցի ընթացքում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment