Փոխանակո՞ւմ, թե՞ վերադարձ․ ինչ է լինելու անկլավների հարցում (ՏԵՍԱՆՈՒԹ)

Փոխանակո՞ւմ, թե՞ վերադարձ․ ինչ է լինելու անկլավների հարցում (ՏԵՍԱՆՈՒԹ)

Հայաստանի ու Ադրբեջանի անկլավների հարցը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։

Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին՝ նշելով, որ գործընթացը շարունակվում է։ Ըստ Բայրամովի՝ սահմանազատման հանձնաժողովները կանոնավոր աշխատում են, արդեն սահմանազատվել է շուրջ 13 կիլոմետր պետական սահման, իսկ հաջորդ փուլում աշխատանքները շարունակվելու են հյուսիսից դեպի հարավ։

Միաժամանակ, Բայրամովի խոսքով, բանակցային օրակարգում շարունակում է մնալ անկլավների և էքսկլավների հարցը։

Խոսքը վերաբերում է Արծվաշենին, որը 1992 թվականից գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև Հայաստանի տարածքում՝ Վայոց ձորում ու Տավուշում գտնվող ադրբեջանական անկլավներին։

Վարչապետ Փաշինյանը պնդում է՝ անկլավների թեման բանակցություններից դուրս չի եկել, սակայն լուծումները պետք է հիմնված լինեն իրավական և քարտեզագրական հիմքերի վրա.

«Ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավների և էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել։ Ոչ, մենք պետք է գնանք ու էդ հարցին լուծում տանք։ Ինչպիսին կլինեն լուծումները, դա արդեն քննարկման հարց է։ Մենք էդ հարցը տեղափոխել ենք մի հարթություն, որ էդ թեմայի շուրջ լրացուցիչ նյարդ, այդ թվում՝ արտաքին օգտագործման, չկիրառվի»։

Վարչապետը նաև զգուշացնում է՝ եթե կողմերն առաջնորդվեն այն սկզբունքով, որ յուրաքանչյուրի վերահսկողության տակ գտնվող տարածքն իրեն է պատկանում, ապա Հայաստանի համար օրակարգից դուրս կգա նաև Ջերմուկի օկուպացված տարածքների հարցը։

Մինչ քաղաքական մակարդակում խոսվում է հնարավոր լուծումների մասին, փորձագիտական շրջանակներում նշում են՝ այս փուլում անկլավների հարցի շուրջ կողմերի միջև համաձայնություն դեռևս չկա։

Փորձագետ Սամվել Մելիքսեթյանի գնահատմամբ՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ամենաիրատեսական տարբերակը ոչ թե նախկին սահմանների ամբողջական վերականգնումն է, այլ ներկայիս իրավիճակի իրավական ամրագրումը՝ տարածքների փոխանակման միջոցով.

«Բայց այստեղ, իհարկե, դա ենթադրում է նաև, ինչպես գիտեք, հանրաքվե Հայաստանում և Ադրբեջանում, որովհետև երկրների տարածքային փոփոխությունների մասին է խոսքը գնում։ Եվ այստեղ, ինչպես նաև գիտեք, մեր ու իրենց անկլավների տարածքների գումարը տարբեր է, և, հետևաբար, ևս մոտ 6 քառ. կմ Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխանցի, որպեսզի մենք ունենանք հավասար մակերեսներ»։

Փորձագետը, սակայն, ընդգծում է՝ մինչև նման որոշումների ընդունումը Հայաստանը պետք է լուծի մեկ այլ կարևոր խնդիր՝ ապահովի կենսական ճանապարհների այլընտրանքները։

Տիգրանաշենի դեպքում խոսքը վերաբերում է դեպի Իրան տանող Մ2 մայրուղուն, իսկ Տավուշի հատվածում՝ դեպի Վրաստան տանող ճանապարհներին և ռազմավարական ենթակառուցվածքներին։

Մելիքսեթյանի դիտարկմամբ՝ Հայաստանի կենսական ճանապարհները չպետք է անցնեն վիճահարույց տարածքներով։ Եթե ունենանք այլընտրանքային հաղորդակցություններ, անկլավների հարցը շատ ավելի հեշտ կլինի լուծել, որովհետև այն այլևս չի օգտագործվի որպես ճնշման գործիք։

Մելիքսեթյանը նաև նշում է, որ հանրային քննարկումներում հաճախ անտեսվում է մեկ կարևոր հանգամանք․ Արծվաշենը ռազմավարական նշանակություն ունի նաև Ադրբեջանի համար.

«Արծվաշենի տարածքով անցնում է 30 ադրբեջանական գյուղի միակ ճանապարհը, որ կապում է շրջկենտրոնի հետ, և իրենք այլընտրանք չունեն, բացի այդ ճանապարհը։ Ու քանի որ Ադրբեջանի համար, վերջերս նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում որոշ նյութեր կային, իրենք այնտեղ ջրամբար են կառուցել Արծվաշենի տարածքում, օգտագործում նաև տարածքը՝ գյուղատնտեսական, հիմնականում հարևան գյուղերի անասնապահների կողմից, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել Արծվաշենը Հայաստանին»։

Փորձագետի խոսքով՝ սահմանազատման ընթացքում քննարկվելու են ոչ միայն անկլավները, այլև սահմանի այլ վիճահարույց հատվածներ, այդ թվում՝ այսպես կոչված եռանկյունիները, որոնք կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ սահմանամերձ բնակավայրերի առօրյայի վրա։

Նրա համոզմամբ՝ միջազգային փորձը նույնպես վկայում է, որ նման խնդիրները հաճախ լուծվել են փոխադարձ փոխանակումների և սահմանի օպտիմալացման միջոցով.

«Կենտրոնական Ասիայում, որտեղ նմանատիպ բազմաթիվ խնդիրներ կային, բացի անկլավներից, նաև սահմանային բնակավայրերի պատկանելության հետ կապված, օրինակ՝ Ղազախստանն ու Ուզբեկստանը փոխանակումներ են արել բնակավայրերի։ Վերջերս Ուզբեկստանը և Ղրղըզստանը դա արեցին՝ 2 գյուղ փոխանակեցին, փոխանցեցին մեկը մյուսին, և սա արդեն բավականին տարածված պրակտիկա է, այսինքն՝ փոխանակումները, սահմանի օպտիմիզացիան, ինչը նաև կանոնակարգի մեջ արդեն ամրագրված սկզբունք է»։

Ինչ վերաբերում է Բայրամովի վերջին հայտարարությանը, Սամվել Մելիքսեթյանը չի կարծում, որ այն բանակցությունների նոր փուլ է ազդարարում։ Ըստ նրա՝ Բայրամովը պարզապես հիշեցրել է արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment