Հունիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա, անգիտակից» ախտորոշմամբ «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Սասուն Մ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Թումանյանի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 11։50-ի սահմաններում «Արկադիա Շին» ՍՊԸ-ում աշխղեկի փորձաշրջան անցնող Սասուն Մ․-ն աշխատանքային ժամին, Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքի շինհրապարակում, իր անուշադրության և անզգուշության հետևանքով փայտամածի (սկալա) վրա սայթաքել է և մոտ 4-5 մետր բարձրությունից ընկել բետոնե հատակին՝ ստանալով մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին։