ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով դատական նիստում հայտարարել է՝ մինչև հիմա չի հասկանում, թե ինչի մեջ են իրեն մեղադրում․
«Ընտրություններն ավարտվել էին, ԿԸՀ-ն որոշումը կայացրել էր, երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն հայտարարել էր, որ չի ընդունում արդյունքները, ինքն է հաղթել ընտրություններում և պետք է գնա նախագահական պալատ։ Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ եթե 2021-ին, երբ մենք հավաքել էինք 21%, հայտարարեինք, որ հաղթել ենք ընտրություններում և գնում ենք նախագահական պալատ, ինչ կլիներ կոնկրետ ինձ հետ»,- ասել է նա։
Քոչարյանի խոսքով, Երևանի Ազատության հրապարակում ցույցեր են սկսվել, իսկ ընդդիմությունը փորձում էր ներգրավել նաև Երկրապահ կամավորականների միությանը։ Նա հիշեցրել է, որ, զուգահեռաբար, ԵԿՄ-ի շենքում մի քանի օր ժողովներ էին ընթանում՝ քննարկելով՝ միանալ ցուցարարներին, թե ոչ։
«ԵԿՄ-ի անդամների կեսից ավելին գործող զինվորականներ էին, զինված, և ողջ օրը գտնվում էին ԵԿՄ-ում։ Մի մասն ասում էր՝ գնալ, մյուս մասը՝ չգնալ։ Բանակի ղեկավար կազմի մի մասն այնտեղ քննարկումներ էր անցկացնում։ Երկրի նախագահն ի՞նչ կարող էր անել։ Սա տևել է երկու-երեք օր»,- պատմել է նա։
Ըստ Քոչարյանի, Մոսկվայից վերադառնալուց հետո ինքը հավաքել է ԵԿՄ անդամներին և ասել, որ վարչության կազմում գտնվող զինվորականները պետք է կողմնորոշվեն՝ կամ մնում են ԵԿՄ-ում, կամ դուրս են գալիս և զբաղվում քաղաքականությամբ. «Զինվորականների հետ հանդիպում պե՞տք է ունենայի, թե՞ ոչ: Եթե չունենայի, ինձ արդյոք պե՞տք է այսօր դատեին անգործության համար։ Հավաքման մասին այն, ինչ գրված է այստեղ, սուտ է: Հավաքման նպատակը հետևյալն էր. մեկ խնդիր կար՝ զինվորականնե՛ր, ով Երկրապահ կամավորական ընկերության վարչության կազմում է, կողմնորոշվեք՝ եթե այդտեղ զբաղվում եք քաղաքականությամբ, ուրեմն ազատվում եք ձեր պաշտոնից։ Կա՛մ այստեղից եք դուրս գալիս, կա՛մ բանակում եք և չեք զբաղվում քաղաքականությամբ: 25-30 հոգի մարդ է եղել, բոլորի ցուցմունքը դա է, ուրիշ հարց չի քննարկվել: Շատ կոշտ խոսեցի պաշտպանության նախարարի ու ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ։ Ասացի՝ էս ի՞նչ եք անում, բանա՞կ է, թե՞ ինչ։ Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։ Լավ, ցինիզմն է՞լ պետք է սահման ունենա, թե՞ ոչ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ նույնը փոխանցել են նաև ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանին, որն այն ժամանակ պաշտպանության նախարարի տեղակալն էր։
