Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ արդեն հինգերորդ տարին անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 12–19-ը Երևանը կրկին կդարձնի միջազգային կինոյի կարևոր կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Այս տարի փառատոնին ներկայացվել է շուրջ 600 հայտ՝ աշխարհի 90 երկրից, որոնցից ընտրվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։ Այս տարվա պատվավոր հյուրը ֆրանսահայ անվանի դերասան Սիմոն Աբգարյանն է։ Միջազգային և տարածաշրջանային մրցութային ծրագրերի ժյուրիները կգլխավորեն ժամանակակից կինոյի ճանաչված ներկայացուցիչներ Ջեսիկա Հաուսներն ու Մահմուդ Քալարին։
Փառատոնի շրջանակում Երևան կժամանի նաև աշխարհահռչակ շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Ջազի հայկական ասոցիացիայի հրավերով նա հուլիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա բացառիկ մենահամերգով, ինչպես նաև կմիանա կինոփառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի կազմին։
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
