Ինչ է տեղի ունեցել Ծառուկյանի կոկորդիլոսների տեղափոխման ժամանակ․ պաշտոնական պարզաբանում

Ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածված լուրերը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսներին կենդանաբանական այգի տեղափոխելու ընթացքում տուժել է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե կոկորդիլոսներին կենդանաբանական այգի տեղափոխելու ընթացքում կոկորդիլոսներից մեկը հոշոտել է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակցի ոտքը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից վստահեցրել են, որ այդ գործընթացում ՆԳՆ փրկարար ծառայության որևէ աշխատակից չի տուժել։

Սակայն Երևանի քաղաքապետարանից կայքին հայտնել են, որ կոկորդիլոսների տեղափոխման ժամանակ դրանցից մեկը շարժվել է և կպել է Երևանի քաղաքապետարանի աշխատակցի հոնքին։ Աշխատակցին տեղափոխել են հիվանդանոց, թեթև քերծվածք է ունեցել, նա ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել հիվանդանոցից։ 

«Հոշոտել, ուտել, կծել…իրականությանը չի համապատասխանում»,- նշել են Երևանի քաղաքապետարանից։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ հայտնել է, որ Քննչական կոմիտեն առգրավել և Երևանի կենդանաբանական այգուն ի պահ է տվել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող 9 կոկորդիլոսի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն առգրավել և Կենդանաբանական այգուն ի պահ էր հանձնել 3 առյուծ և 4 վագր, առյուծներից մեկը քնեցումից հետո չէր արթնացել ու անկել էր։ 

Այսօր ավելի վաղ «Հրապարակ»  թերթը գրել էր, որ իրենց տեղեկություններով, հուլիսի 8-ին, երբ քննիչները՝ ԱԻՆ աշխատակիցների ուղեկցությամբ գնացել են Գագիկ Ծառուկյանի տուն՝ կոկորդիլոսների հետևից՝ նրանց ևս Կենդանաբական այգի տեղափոխելու համար, միջադեպ է տեղի ունեցել, կոկորդիլոսը հարձակվել է ԱԻՆ աշխատակցի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Leave a Comment