Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վնասել են դամբարաններ

Անհայտ անձը հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք և վնասել վեց դամբարան ու աղբյուր։

Պատրիարքարանի հաղորդագրության համաձայն՝ դեպքը խորապես վիրավորել է համայնքի ներկայացուցիչներին, հատկապես նրանց, որոնց հարազատների շիրիմները գտնվում են այդ գերեզմանատանը։

Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է համապատասխան մարմիններին, որոնք սկսել են իրավական գործընթացներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործի ինքնությունը բացահայտելու և նրան պատասխանատվության ենթարկելու համար։

Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտել է սրբազան արժեքների և հանգստավայրերի դեմ իրականացված գործողությունը՝ նշելով, որ հետևում է դեպքերի հետագա ընթացքին։

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Պոլսո Հայոց պատրիարքարանին։

Leave a Comment