Խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, եթե Հայաստանի Սահմանադրությունից հեռացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունից կհեռացվեն Ադրբեջանի նկատմամբ առկա տարածքային պահանջները, և դրանից հետո հնարավոր կլինի ստորագրել խաղաղության համաձայնագիրը։

Այս մասին Բայրամովը հայտարարել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է APA-ն։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը։

Բայրամովը նշել է, որ Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն, իսկ խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրված է և հրապարակային է։

«Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է և բաց է հանրության համար։ Ադրբեջանի մոտեցումն այս հարցում սկզբունքային է։ Նախագահ Իլհամ Ալիևը արտահայտել է պետության պաշտոնական դիրքորոշումը»,- ասել է Բայրամովը։

Նա կրկին պնդել է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ կան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ, և նշել, որ դրանք պետք է վերացվեն՝ որպեսի հնարավոր լինի  խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Leave a Comment