ՌԴ-ն խստացնում է պահանջները աշխատանքային միգրանտների նկատմամբ – armeniatoday.am

Ռուսաստանի Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որը լրացուցիչ պահանջներ է սահմանում արտոնագրով կամ աշխատանքի թույլտվությամբ Ռուսաստանում աշխատող օտարերկրյա քաղաքացիների համար։ Եթե փաստաթուղթն ստորագրի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դրա դրույթների մեծ մասն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։

Օրենքի համաձայն՝ աշխատանքային միգրանտները պետք է հաստատեն, որ իրենց եկամուտները բավարար են իրենց և իրենց ընտանիքի անդամների պահպանման համար՝ տարածաշրջանային կենսապահովման նվազագույնից ոչ պակաս մակարդակով։ Եթե այս պահանջը չկատարվի, օտարերկրացու արտոնագիրը կամ աշխատանքի թույլտվությունը չի երկարաձգվի, ինչից հետո նա և իր անչափահաս երեխաները պետք է լքեն Ռուսաստանը 15 օրվա ընթացքում։

Եկամուտների նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են հարկային մարմինները և ՆԳՆ-ն։ Հարկային ծառայությունն ավտոմատ կերպով ՆԳՆ է փոխանցելու միգրանտների եկամուտների մասին տեղեկությունները, իսկ օտարերկրյա քաղաքացիներն իրենք պարտավոր կլինեն տարեկան կտրվածքով ներկայացնել եկամուտները կամ հարկերի վճարումը հաստատող փաստաթղթեր։

Օրենքը նաև ընդլայնում է ժամանակավոր կացության թույլտվության և կացության կարգավիճակի չեղարկման հիմքերը։ Նման փաստաթղթերը կարող են չեղարկվել, եթե միգրանտը տարվա ընթացքում աշխատել է օրենքով սահմանված նորմայից պակաս, կամ եթե նրա եկամուտները բավարար չեն ընտանիքը պահելու համար։

Բացի այդ, աշխատանքային միգրանտների երեխաները կարող են Ռուսաստանում գտնվել միայն ծնողի աշխատանքի թույլտվության գործողության ժամկետով և այն պայմանով, որ եկամտահարկի ֆիքսված կանխավճար կատարվի ոչ միայն հենց աշխատողի, այլև յուրաքանչյուր երեխայի համար։ 18 տարին լրանալուց հետո նրանք պետք է կամ լքեն երկիրը 30 օրվա ընթացքում, կամ դիմեն արտոնագիր ստանալու համար։

Փաստաթուղթը վերանայում է նաև բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետների նկատմամբ պահանջները՝ կրճատելով կատեգորիաների թիվը և սահմանելով աշխատավարձի նվազագույն մակարդակ՝ առանձին արտոնյալ կատեգորիաների համար 358,5 հազար ռուբլի (1,724,500 դրամ), իսկ մնացածի համար՝ 717 հազար ռուբլի (3,448,700 դրամ)։

Բացի այս ամենից, Պետդուման ավելացրել է ներգաղթյալներին վերաբերող պետական տուրքերը։ 12 անգամ բարձրացվել է ՌԴ քաղաքացիության ստացման տուրքը՝ սահմանված վճարի չափը 4 200 ռուբլուց կդառնա 50 000 ռուբլի (~240 500 դրամ)։ Ժամանակավոր բնակության իրավունքի տուրքը բարձրացվել է 8 անգամ՝ 1 920 ռուբլուց կդառնա 15 000 ռուբլի (~72 150 դրամ)։ Մշտական բնակության իրավունքը բարձրացվում է 5 անգամ՝ 6 000 ռուբլուց հասնելով 30 000 ռուբլու (~144 300 դրամ)։

Վերջին ամիսներին Ռուսաստանի իշխանությունները հետևողականորեն խստացնում են միգրացիոն օրենսդրությունը։ Հունիսին Պուտինն ստորագրել էր միգրանտների պարտադիր բժշկական զննության և դրանից խուսափելու համար պատասխանատվության մասին օրենքը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից մարտական գործողություններին մասնակցած օտարերկրյա քաղաքացիների արտաքսումն արգելող օրենքը՝ միաժամանակ զգալիորեն բարձրացնելով միգրանտների համար պետական տուրքերը։ 2025 թվականից ՌԴ օդանավակայաններում օտարերկրացիների պարտադիր կենսաչափական գրանցում է իրականացվում․ ժամանողներից վերցվում են մատնահետքեր, արվում է լուսանկար և գենոմային պրոֆիլ։ Բոլոր տվյալները փոխանցվում են ԱԱԾ և ՆԳՆ բազաներ։

Leave a Comment