Եվրոպայում Թրամփի՝ ՖԻՖԱ-ի գործերին միջամտելու հարցով հետաքննություն են պահանջել

Եվրոպացի օրենսդիրները կոչ են արել հետաքննություն սկսել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի նկատմամբ Ֆուտբոլի ԱԱ-ի ընթացքում ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկումը չեղարկելու համար, հայտնել է Euronews-ը։

Ըստ լրատվականի՝ դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջամտությունից հետո։

Եվրախորհրդարանում տարածվել է պաշտոնական նամակ, որով ԵՄ անդամ երկրների ֆուտբոլային ասոցիացիաներին կոչ է արվում դիմել ՖԻՖԱ-ին՝ որոշումների կայացման գործընթացի և հնարավոր քաղաքական միջամտության պաշտոնական վերանայման պահանջով։

Բոսնիա և Հերցեգովինայի դեմ կայացած խաղում հուլիսի 1-ին (որտեղ ԱՄՆ-ն հաղթանակ էր տարել) ամերիկացիների առաջատար ռմբարկու Բալոգունը կարմիր քարտ էր ստացել։ Գործող կանոնակարգի համաձայն՝ նա պետք է ավտոմատ կերպով բաց թողներ հաջորդ հանդիպումը։

Սակայն երկուշաբթի օրը Բելգիայի դեմ կայանալիք խաղից առաջ ՖԻՖԱ-ն անսպասելիորեն չեղարկել էր ֆուտբոլիստի որակազրկումը։ Որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Ինֆանտինոյի հետ, ում հետ մտերիմ հարաբերությունների մեջ է։

ՖԻՖԱ-ն պարզաբանել էր, որ որոշումը կայացվել է կազմակերպության կարգապահական կոմիտեի կողմից։ Սա աշխարհի առաջնությունների ժամանակակից պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մրցաշարի ընթացքում ստացված կարմիր քարտը չի հանգեցրել որակազրկման։

Եվրոպական ֆուտբոլի կառավարող մարմինը՝ ՈՒԵՖԱ-ն, որոշումը որակել էր որպես «աննախադեպ, անհասկանալի և անարդարացի»։

Եվրախորհրդարանի պատգամավորներ Բարի Էնդրյուսը, Լարա Վոլտերսը և Նիլս Ֆուգլսանգը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ մրցաշարի կեսից կանոնները փոխելը «խայտառակություն է և արդարադատության խեղաթյուրում»։ Նրանց նախաձեռնած ստորագրահավաքին արդեն միացել է 35 եվրոպացի պատգամավոր։

«Մենք ևս մեկ անգամ ականատես եղանք, թե ինչպես են Ինֆանտինոն և ՖԻՖԱ-ն տեղի տալիս Թրամփի վարչակազմի պահանջներին։ Երբ Ինֆանտինոն թույլ է տալիս, որ քաղաքական ճնշումը որոշի, թե ով պետք է խաղա, արդարության զգացումն անհետանում է»,- նշված է պատգամավորների հայտարարության մեջ։

Թրամփն ընդունել էր, որ դիմել է ՖԻՖԱ-ին՝ խնդրելով կրկին դիտարկել Բալոգունի գործը, և ստացած կարմիր քարտն անվանել էր «սարսափելի»։ Միևնույն ժամանակ, նա հերքել էր ճնշման փաստը՝ նշելով, որ կոնկրետ արդյունք չի պահանջել և չէր կարող հրահանգներ տալ ՖԻՖԱ-ի նախագահին։

«Կարծում եմ՝ դա մեծ բիծ կթողներ»,- հայտարարել էր Թրամփը՝ հավելելով, որ երկու թիմերն էլ պետք է խաղադաշտ դուրս գային իրենց ուժեղագույն կազմերով։

Ինֆանտինոն հաստատել էր հեռախոսազրույցի փաստը՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահին տեղեկացրել է, որ հարցով զբաղվում են բացառապես ՖԻՖԱ-ի անկախ դատական մարմինները։

«Ահա, թե ինչպես է աշխատում ՖԻՖԱ-ի համակարգը, և դա մի սկզբունք է, որը ես միշտ պաշտպանելու եմ»,- ասել էր նա։

Leave a Comment