ԵՄ-ն ՀՀ-ին ականազերծման մեքենա է տրամադրել և հայտնել անցակետեր կառուցելու մասին

Հայաստանը Եվրամիությունից ստացել է օգնության խմբաքանակ, որի մեջ ներառվել է մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող մեքենա՝ մարդասիրական ականազերծման համար, հայտնել է ՀՀ կառավարությունը։

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, ներկայացնելով  ականազերծման մեքենան, հակտարարել է, որ ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում կառուցել 3 սահմանային անցակետ, հայտնել է «Արմենպրեսը»։ 

Մարագոսը նշել է, որ մեքենան անցակետերի կառուցման շրջանակում կարևոր նշանակություն կունենա երկու ուղղությամբ։

«Կապի նախագծերը պահանջում են մաքրել այն տարածքները, որոնցով դրանք պետք է անցնեն։ Ականազերծումը կլինի առաջին անհրաժեշտ քայլը, որպեսզի այդ կարևոր շինարարական աշխատանքները կարողանան առաջ շարժվել»,- նշել է Մարագոսը՝ չմանրամասնելով, թե որ հատվածներում է նախատեսվում սահմանային անցակետերի կառուցումը։

Կառավարությունում հավելել են, որ տեխնիկան կօգտագործվի վտանգավոր տարածքների ականազերծման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման աշխատանքների ընթացքում։

Գործադիրի տվյալներով՝ Հայաստանում պայթյունավտանգ առարկաներով աղտոտված է համարվում շուրջ 43 մլն քառակուսի մետր տարածք՝ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում։ Այս հողերի մեծ մասը գյուղատնտեսական նշանակության հողեր են, արոտավայրեր և ենթակառուցվածքային օբյեկտներով տեղամասեր։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» տնօրեն Էդուարդ Պետրոսյանը նշել է, որ այս տարածքների մաքրումը թույլ տալու վերադարձնել դրանք տնտեսական շրջանառություն և վերականգնել ենթակառուցվածքները։

Գործադիրում հավելել են, որ բացի հեռակառավարվող երկու մեքենայից, Հայաստանը կստանա նաև շտապօգնության երկու լիարժեք կահավորված ավտոմեքենա։

Մատակարարված մեքենաներն արտադրված են խորվաթական ընկերության կողմից և նախատեսված են հատուկ մարդասիրական ականազերծման համար։

Արտադրողի ներկայացուցիչ Կոնստանտին Դարմանյանի խոսքով՝ այսպիսի տեխնիկան արդեն կիրառվում է Բալկանյան երկրներում, Սաուդյան Արաբիայում, Եմենում և Ուկրաինայում։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը մատակարարել է ավելի քան 500 միավոր սարքավորում 41 երկրում։

Կարդացեք նաև՝

ԵՄ-ն Հայաստանին 34 մլն եվրո է հատկացրել ՌԴ սահմանափակումները մեղմելու համար

Leave a Comment