Գագիկ Ծառուկյանի գործով բոլոր 3 մեղադրյալները կալանավորված են․ ՔԿ – armeniatoday.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով ևս 2 անձ  կալանավորվել է 2 ամսով, Armenia Today-ին հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նա նշեց, որ այդ անձինք Ծառուկյանի գործով անցնող ընդհանուր թվով 3 մեղադրյալներից 2-ն են։

Ծառուկյանը ներգրավված է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վարույթում, ինչի պատճառով արգելվել է նաև ելքը ՀՀ-ից։ Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին նրան կալանավորել էին։ 

Ծառուկյանին մեղադրում են նաև ապօրինի որսի մեջ, և այդ վարույթի շրջանակում նրա առաձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, առյուծներից մեկը քնեցումից չէր արթնացել։ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել է «սուտ» և «փուչիկ»։

Դեռ նախընտրական փուլում Ծառուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել։ Փաշինյանը հայտարարել էր, որ «միլիարդատեր» քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։ Փաշինյանը հայտարարել էր նաև ԲՀԿ առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետության վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո ընկերությանն առնչվող վարույթներ էին նախաձեռնվել։ 

Leave a Comment