Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփն առաջին անգամ մեկնաբանել է գիշերն Իրանի ուղղությամբ իրականացված ամերիկյան ռազմական հարվածները։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ամերիկյան բանակը «շատ հզոր հարված է հասցրել»՝ ընդգծելով, որ իրանական կողմի գործողությունները պարզապես անընդունելի են։
«Նրանք հիվանդ են, նրանց հետ ինչ-որ բան այն չէ։ Մենք ասացինք՝ գնացեք և զբաղվեք ձեր հուղարկավորություններով, բայց դրա փոխարեն նրանք երեկ սկսեցին հրթիռներ արձակել և հարձակվել նավերի վրա։ Այդ պատճառով մենք անցած գիշեր շատ կոշտ հարվածեցինք նրանց»,- նշել է Թրամփը։
Նա հավելել է, որ ամերիկյան հարվածները «20 անգամ ավելի կոշտ էին», քան իրանական պատասխան գործողությունները։ Թրամփը ընդգծել է իր անհանդուրժողականությունը։
«Ես նրանց ասել եմ՝ ամեն անգամ, երբ դուք հարվածում եք, մենք պատասխան հարված ենք հասցնում։ Բայց քանի որ նրանք կեղտոտ խաղացողներ են, նրանք հարձակվում են բոլորի վրա։ Մենք նրանց չենք սիրում, ես նրանց չեմ սիրում, նրանք չար մարդիկ են»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնը շատ ժամանակ է կորցրել Իրանի հետ բանակցելով։
«Այս մարդիկ չար են, հիվանդ, և մենք պետք է ազատվենք նրանցից. նրանք քաղցկեղ են։ Նրանք քաղցկեղ են, իսկ գիտե՞ք, թե ինչ պետք է անել. քաղցկեղը պետք է հեռացնել դեռ սկզբնական փուլում»,- ընդգծել է նա։
